Վաղը հնարավոր են տարբեր սցենարներ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է (տեսանյութ)
Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է: Նա հանդիպելու է խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության հետ։ Այս պահին ավարտվել է «Ելք» խմբակցության հետ հանդիպումը, որի ժամանակ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Նա պատասխանում է լրագրողների հարցերին: «Հույս ունեմ, որ վարչապետի ընտրությունները ընթանալու է առանց նախապայմանների», ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր ուժերի հետ մի թեմա է քննարկելու՝ հանրապետությունում առկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը։ «Վաղը հնարավոր են տարբեր սցենարներ», ասաց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կկարողանա կազմալուծել գործող արատավոր համակարգը: Հարցին, թե ընտրվելու դեպքում կարո՞ղ եք երաշխավորել, որ ձեր խոստումները իրականություն կդառնան՝ մասնավորապես օլիգարխիան, բիզնեսը իշխանությունից տարանջատելու, դատարանների անկախությունն ապահովելու եւ այլ խնդիրների հետ կապված, Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, հակառակ դեպքում՝ այս պրոցեսն իմաստ չի ունենա: Մեր խնդիրն իրական եւ դրական փոփոխություններ բերելն է: Հակառակ դեպքում՝ ինչի՞ համար է այս ամենը»: Հարցը կրկնվեց, թե կկարողանա՞ք կազմալուծել գործող համակարգը, նա արձագանքեց. «Եթե նկատի ունեք, կոռուպցիան եւ մնացած նեգատիվ երեւույթները, ապա այո, ես համոզված եմ, որ կկարողանամ»: Ինչ վերաբերում է կադրերին, «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց. «Իմ շրջապատը հայտնի է, բոլոր նեգատիվ երեւույթները կվերացվեն: Հիմա չեմ ուզում հարցերը քննարկել անուն-ազգանունների մակարդակով: Պետք է սկզբունքներ քննարկել: Ընդհանրապես հարցերը պետք է քննարկել հերթով»: Փաշինյանը նաեւ չմեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցեն մեկը մյուսին. «Ճիշտն ասած, ժամանակ չեմ ունեցել ծանոթանալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը: Դուք քաղաքական զարգացումները ինքներդ տեսել եք»: Այս օրերին շատ են շրջանառվում Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին լուրերը, ուստի այսօր ԱԺ-ում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ եթե լինեն իշխանություն, քայլեր կձեռնարկե՞ն Վանո Սիրադեղյանի վերադարձի համար: Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող կոնկրետ անձանց կոնկրետ երաշխիքներ տալ, բայց վստահեցրեց, որ ՀՀ-ում օրինականություն կհաստատվի: Հարցին՝ ձեզ պաշտպանելու են պատգամավորներ, որոնք, ըստ օդում կախված լուրերի, երկար տարիներ հարկային պարտավորություններից խուսափել են, հարկեր չեն վճարել, այդ քվեն ձեզ հետագայում չի՞ կաշկանդելու, որ նրանց բերեք հարկային դաշտ՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես չգիտեմ դուք ում մասին եք խոսում, իսկ, ընդհանուր առմամբ, երաշխավորում եմ, որ ՀՀ-ում կլինի լիարժեք օրինականություն: Ես հիմա չեմ կարող որեւէ մեկի մասին հայտարարություն անել՝ մեղավորության կանխավարկածով»: Լրագրողները զարմացան՝ Ձեր դիրքորոշումներում փոփոխությո՞ւն է եղել, մենք հիշում ենք ձեր քննադատական ելույթները տարբեր անձանց, նրանց կարողությունների մասին, իսկ հիմա կարծես խուսափում եք, մեղմացնում եք, ձեր կարգավիճա՞կն է ձեզ ստիպում այդպես վարվել՝ Փաշինյանը պատասխանեց. «Մեղմացման մասին չի խոսքը, երբ որ մենք իշխանություն լինենք, իշխանության թեւերի տարանջատումն ամենակարեւոր սկզբունքներից մեկն է: Երբ մի մարդը երկրում համ վարչապետ է, համ դատավոր է, համ դատախազ, համ քննիչ, համ օպերատիվ աշխատող, այդ ժամանակ են պրոբլեմները սկսում: Իշխանության թեւերի բնականոն գործունեությունը պետք է ապահովի, դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա: Ես կարող եմ երաշխավորել, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի: Ես չեմ պատրաստվում լինել եւ վարչապետ, եւ դատախազ, եւ քննիչ, եւ քրեակատարողական հիմնարկի պետ եւ այլն: Այսինքն, հակառակ դեպքում մենք կընկնենք էլի նույն դաշտ, երբ որ մի կետից որոշվում է ով է մեղավոր, ով է ազատության մեջ մնալու, ով՝ ոչ»: