Անպարտելի Դիեգո Մարադոնան հրաժարական է ներկայացրել
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, ով մարզում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջեյրա» թիմը, հրաժարական է ներկայացրել ակումբի ղեկավարությանը: Արգենտինացի մասնագետը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ թիմին չի հաջողվել նվաճել առաջին խմբի ուղեգիր: ԱՄԷ-ի առաջնության 2-րդ խմբում հանդես եկող «Ալ Ֆուջեյրան» այս գիշեր կայացած վերջին՝ 22-րդ տուրում, սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ալ Հալեջի» հետ՝ 1:1, եւ ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 3-րդ տեղը: Այդպիսով, Դիեգո Մարադոնային չի հաջողվել լուծել իր առջեւ դրված խնդիրը: Ի դեպ, «Ալ Ֆուջեյրան» նրա գլխավորությամբ ոչ մի պարտություն չի կրել առաջնության 22 խաղերում (11 հաղթանակ, 11՝ ոչ-ոքի), սակայն երկու միավորով հետ է մնացել 2-րդ տեղը գրաված «Ալ Իթիհադ Կալբայից»: