«Միակ տարբերակը արտահերթ ընտրությունն է». Կարեն Կարապետյան (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանը երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում է արտահերթ ընտրությունները: Նա ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել. «Այսօր որեւէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դրել եւ չենք էլ դնում: Տրամաբանությունն այն է, որ քաղաքական ուժերը օրենքի սահմաններում նստեն քննարկեն, եթե որոշեն, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա եւ որոշեն ժամկետները, եւ բոլորը լինեն հավասար պայմաններում»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նա հայտարարեց, որ գնահատում եւ հարգում է մեր քաղաքացիների կամքն ու դժգոհությունը: Այդ իսկ պատճառով էլ համապատասխան արձագանքն արդեն եղել է, բավարարվել են կետեր. «Թողնենք, որ նրանք նստեն պայմանավորվեն, մեկս մյուսի վրա չճնշենք: Այս էր իմ անհանգստությունը, որ ուզում եմ հղել»: Վարչապետի պաշտոնակատարը չի բացառում, որ ժողովրդի նախընտրելի թեկնածուն դառնա վարչապետ.«Ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա եւ կուսակցությունից որեւէ մեկը չպետք է լինի վարչապետի թեկնածու. «Չի կարելի ասել, սա չպետք է լինի, նա չպետք է լինի: Ով է դա որոշելու, միակ տարբերակը դա ընտրությունն է, գուցե նրան ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, մի զանգված սիրում է, կամ հակառակը»,- ասաց Կարեն Կարապետյանը: