Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞ վարչապետի թեկնածու (տեսանյութ)

Քաղաքականություն
carukyan

Ինչո՞ւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ միայն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ համաժողովրդական զարթոնքի այս պահին ժողովրդի կողքին են: «Ես իմ լիազորությունների սահմաններում քվերակությամբ եմ հանդես եկել՝ ես դեմ եմ քվեարկել Սերժ Սրագսյանին»,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան:             Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը քաղաքացիական անհնազանդության օրերին հանդես է եկել հայտարարություններով, որտեղ միայն գնահատականներ է տվել կամ դատապարտել ցուցարարների նկատմամբ բռնությունները: Արդյոք հետագայում էլ կմիանան Նիկոլ Փաշինյանին առաջադրած օրակարգին, այն է՝ ԱԺ արտահերթ ընտրություններ: «Ժողովրդի կամքն է առաջնահերթ, մեր պետականության անսասանությունն է կարեւոր, որպեսզի մեր երկրում դրական փոփոխություններ տեղի ունենան», նշեց Վահե Էնֆիաջյանը:             «Ծառուկյան» խմբակցությունը սպասում է Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը, որից հետո կորոշի՝ ԱԺ-ում իրենք կողմ են քվեարկելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությա՞նը, թե ոչ: «Երբ մեր գործընկերներին ուզում էին անձնեռնմխելիությունից զրկել, «Ծառուկյան» դաշինքն է, որ միասնական չի մասնակցել եւ թույլ չի տվել, որ նման նախաձեռնություն տեղի ունենա: Վերջնական որոշման վրա մենք են նպաստ ունեցել», ասաց Վահե Էնֆիաջյանը:             Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեւորգ Պետրոսյանն անձամբ է մասնակցել քաղաքացիական անհնազանդության ակցիաներին եւ նույնպես դեմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը. «Շարժմանն աջակցելը միայն փողոցային պայքարին մասնակցելով չի լինում: Նման դեպքերում փողոցային պայքարը, թերեւս, ամենահուսալին է, բայց չի կարելի ասել, որ եթե մենք խմբակցությունով փողոց դուրս չենք եկել, ուրեմն չենք աջակցել: Հիմնազուրկ է պնդումը, թե մենք կողմ ենք եղել գործող վարչակազմին»:             Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նոր վարչապետը պետք է լինի ժողովրդի համար նախընտրելի մարդը, արդյոք այդ բնորոշմանը կարող է հավակնել Գագիկ Ծառուկյանը. «Հիմա չեմ կարող հայտարարել՝  Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞, թե ոչ, գուշակությամբ չեմ կարող զբաղվել: Մի քանի օր սպասեք ու ամեն ինչ պարզ կլինի»:             Նրա կարծիքով՝ տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության շարժումը որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի սեփականաշնորհել ու իր անունից ներկայացնել՝ սա ժողովրդի հաղթանակն է: Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ՝ եթե գործընթացները դրան տանեն, ապա «Ծառուկյան» դաշինքն ավելի շատ ձայն կստանա, քան ունի: