Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Պատգամավորները ստիպված կլինեն շարժվել ժողովրդի թելադրանքով. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaqaget

Ընդամենը 6 օր  Սերժ Սարգսյանը պաշտոնավարեց որպես Հայաստանի Հանրապետության  վարչապետ՝ ընդլայնված լիազորություններով։ Հանրային ճնշումը նրան ստիպեց հրաժարական տալ։ «Մեծանում էր ճնշումը: Օրեցօր ավելանում էր տարատեսակ  մարդկանց շերտեր, որոնք միանում էին շարժմանը, փաստացի շարժումը վարակել էր բոլորին: Ամբողջ հանրապետությունը մերժում էր Սերժին, եւ նման պարագայում դիմադրել շատ բարդ էր»,- ասում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:   Նրա խոսքերով՝  երեւանյան  պայքարի 11 օրերի  ընթացքում  պարզ դարձավ, որ  Սերժ Սարգսյանը չունի   որեւէ հենարան. «Ինքը նույնիսկ չուներ վստահություն իր կուսակցության ներսում, աջակցություն: Մյուս կողմից էլ միջազգայհին հանրությունը սկսեց բավականին կոշտ դիրքորոշում ցուցաբերել՝ տեսնելով, որ կա այսպիսի հզոր  բողոք»: Նրա խոսքերով՝ հանրապետական կուսակցությունը դե ֆակտո կազմալուծված է.  «Որեւէ խնդիր չի լինելու: Նրանք, ովքեր կան խորհրդարանում, նրանք արդեն իսկ շարժվելու են ժողովրդի թելադրանքով,   թավշյա հեղափոխության կամքին համապատասխան նրանք պետք է շարժվեն»:    Նիկոլ Փաշինյանը անընդհատ  շեշտում է, որ  ժամանակավոր  վարչապետը պետք է լինի ժողովրդի թեկնածուն։ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ժողովուրդը ընդունում է  Նիկոլ Փաշինյանին, եւ այդ ճնշում կլինի  ԱԺ-ին։ Ըստ Սահմանադրության՝  կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա   անցկացվում է նոր ընտրություն: