30 բերման ենթարկված ազատ է արձակվել. լուսանկարներ
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից բաց թողնվեցին 30 քաղաքացիներ, որոնք բերման էին ենթարկվել տարբեր փողոցներից։ «Ա1+»-ի հետ զրույցում բերման ենթարկվածներից Արթուր Սուքիասյանը նշեց, որ բերման են ենթարկել 6-7 ժամ առաջ առանց ներկայանալու: Չեն ծանուցել, թե ինչ կարգավիճակով եւ ինչի համար են բերման ենթարկել: Արդեն բաժանմունքում տեղեկացրել, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում անելու համար: Ակտիվիստները պատմել են, որ իրենց երկար ժամանակ են պահել տարբեր գործողություններ կատարելու պատրվակով: Ոստիկանության շենքի դիմաց հավաքվածները սկսել են շնորհակալություն վանկարկել: Հարցին, թե ինչու են շնորհակալություն վանկարկում, նրանք պարզաբանել են. «Շնորհակալություն ենք հայտնում, որ դադարեցրին անօրինությունը եւ ազատ արձակեցին մեր քաղաքացիներին»: Ազատ արձակվածները կարծիք են հայտնել՝ իրենց բաց թողնելու պատճառն այն է, որ վարչապետի քվեարկությունը եղել, վերջացել է: Այս պահին ցուցարարները ոտքով գնում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսված է հանրահավաքը: