Live. Հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Մենք մաֆիայի վերջը կտանք՝ առանց մի կաթիլ արյան 20. 45 «Կեցցե Հայաստանի խաղաղ թավշյա հեղափոխությունը»,- իր ելույթում նշեց ԵԼՔ խմբակցության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը սկսելով ելույթը։ Հղում կատարելով Արսինե Խանջյանի նամակին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պարզվում է, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը նրա հետ զրույցում ասել է, թե հայ ժողովուրդը ոչխարի հոտի պես է: Պարոն Փաշինյանն ի պատասխան այն թերահավատությունների, թե երկրում ոչինչ չի փոխվել, միևնույն է Սերժ Սարգսյանն է ընտրվել երկրի առաջին դեմք, հայտարարեց. «Ես պատասխանատու հայտարարում եմ, որ ամեն ինչ փոխվել է, քանի որ ահա այսօր Սերժ Սարգսյանը չունի իրեն հպատակ ժողովուրդ, չունի կառավարելու ժողովուրդ: Եվ ՀՀ քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ: Այսօր տեղի է ունենում ՀՀ երրորդ Հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, և դուք եք կերտել այս օրը: Այս հանրահավաքի մասին հայտարարվել է ընդամենը հինգ-վեց ժամ առաջ»: Անդրադառնալով Հանրապետության հրապարակում հանրահավաքն անցկացնելու որոշման պատճառին՝ պարոն Փաշինյանը հայտնեց. «Մենք դա արեցինք ցույց տալու համար, որ ՀՀ-ն գոյություն ունի, որ ՀՀ քաղաքացին գոյություն ունի և հանրապետության ամենամեծ հրապարակը լեփ լեցուն է ընդդեմ Սերժ Սարգսյանի և ընդդեմ ՀՀԿ-ի»: Առաջիկա օրերին ստեղծվելու է Թավշյա հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի այս շարժումը։ Կոմիտեներ կստեղծվեն նաև մարզերում, ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վաղը ժամը 10.00-ից գործողություններ կլինեն Երևանում։ Բոլոր փողոցներում սահմանվելու են անցակետեր, որոնցով կարգելվի անցնել հանրապետական բաշիբոզուկներին։ Իսկ այսօրվա անելիքներն են....«Հիմա մենք պետք է երթ անենք Երևանի փողոցներով»։ Դա կլինի ժամը 21.00-ի կողմերը, քանի որ ՀՀԿ-ականները մի հեռու տեղ են գնացել, որ նշեն Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը. «քյաբաբը պիտի սառչի նրանց սեղաններին»։ 20.35 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելանն իր խոսքում շեշտեց, որ հայ ազգը միշտ հաղթել է իր միասնության շնորհիվ, սակայն վերջերս մասնատվել է: «1988 թվականից հետո հրապարկում այսքան մարդ չէր հավաքվել, 2008 թ.-ին էլ այսքան մարդ չէր հավաքվել: Հրապարակում նման բազմություն է հավաքվել չիրագործված գործերն իրագործելու: Մեր համախմբվածությամբ, ճիշտ մտածելով և խոհեմությամբ պետք է հաղթենք: Սա ազատամարտ է»,- ասաց Սասուն Միքայելյանը: 20.15 Վրաստանի «Ալիք Մեդիա» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն իր խոսքում նշեց. «Սերժ Սարգսյանի և նրա տեսակի պատճառով է, որ այսօր մենք ունենք նոր Սփյուռք․ այն մարդիկ, որոնք լքել են և այդ մարդիկ անգամ ցույց են տվել, որ Հայաստանում չլինելով՝ կարող են միանալ այս շարժմանը»,- ասաց նա: 19.35 Հանրապետության հրապարակում մեկնարկել է ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։ Ելույթ ունեցողները հիմնականում ընդգծում են՝ այս շարժումը հաջողված է։ Նրանք հայտարարում են պայքարի շարունակության մասին՝ կարեւորելով հանրահավաքային շարժի խաղաղ բնույթը: Նշվում է, որ այս պայքարը հաջողվել է նաեւ այն պատճառով, որ պահպանվել է խաղաղ անհնազանդության սկզբունքը: Մենք հազարավորներ ենք, մենք տարբեր գործողություններ ենք իրականացնում, և այդ գործողությունները համակարգը պարալիզացնելու համար են․ այսպես ասաց ակտիվիստ Արմեն Գրիգորյանը: «Մենք բոլորս պահում ենք խաղաղ ցույցերի և հանրահավաքների, խաղաղ պրոտեստ անելու սկզբունքները: Մենք երբեք չենք խախտում այդ սկզբունքները»,- ասաց նա՝ նշելով, որ բռնություն իրականացնողներին պետք է մեկուսացնել,- շատ կարևոր է իմանալ, որ այս պայքարը հաջողել է, որ միշտ պահպանվել է խաղաղ անհնազանդության սկզբունքը»: Իսկ ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը նշեց. «Օրինակ՝ «Եղունգ ունես, գլուխդ քորի՛», «Մենք ոչ մի բան չենք կարող փոխել», «Հիմա այդպես է լինելու, մեզանից ոչ մի բան կախվված չէ» և այլ նման արտահայտութուններն այլևս մեր ազգին չեն վերաբերում, որովհետև մենք ապացուցեցինք, որ ամեն մեկս կարող է վերցնել պատասխանատվություն և գնալ առաջ»։