Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կանցկացվի քունգ ֆուի Եվրոպայի բաց առաջնություն

Սպորտ
sport-kung-fu-12.04.

Այս օրերին Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Շաոլինյան մարտարվեստի վարպետ Ֆու Բյաոն։ Այցի նպատակն է ներկա գտնվել քունգ  ֆուի Եվրոպայի բաց առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 13-15-ը՝ «Միկա» մարզադահլիճում: Ինչպես նշեց Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիաի նախագահ Սարգիս Հարությունյանը, մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից ժամանած մարզիկներ։ Առաջնության պաշտոնական բացումը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 11-ին։ «Քունգ ֆուն շատ հին մարտարվեստ է: Հենց նրանից են սերել արեւելյան մյուս մարտարվեստները: Ուրախ եմ, որ քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հայաստանում, որը աշխարհի հնագույն երկրներից է եւ ունի հարուստ պատմություն», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Ֆու Բյաոն: Նա քունգ-ֆուի տասը ժամանակակից լեգենդներից մեկն է, քանի որ առաջինն է փորձել գլխի վրա դրած աղյուսները ջարդել մուրճի կամ ձեռքի հարվածով: «Այդ վարժության համար ինձ Չինաստանում անվանում էին «Երկաթյա գլուխների թագավոր»: Դա, իհարկե, սպորտ չէր, սակայն այն օգտագործում էի ցուցադրական ելույթների ժամանակ, որպեսզի մարտարվեստը մեծ տարածում ստանար ինչպես Չինաստանում, այնպես էլ աշխարհում», - պարզաբանեց Ֆու Բյաոն: Հավելենք, որ Հայաստանի քունգ ֆուի հավաքականը մասնակցելու է բոլոր երեք տարիքային մրցումներին՝ 22 հոգով: Ֆեդերացիայի նախագահը հույս ունի, որ մեր մարզիկներն անմասն չեն մնա մեդալներից: