A
A
Հայաստանի նախագահը գործարար է. բիզնեսներ Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և օֆշորային գոտիներում. Հետք
Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան, DOSSIER
Ապրիլի 9-ին կայացավ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպանը հայտնի գորածարար է։ Միլիոնատեր նախագահը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում, իհարկե, բիզնեսների մասին ոչինչ չի նշել։ «Հետք»-ը իր գործընկերների միջոցով փորձել է պարզել՝ ինչ բիզնեսների մեջ է ներգրավված ՀՀ 4-րդ նախագահը և Investigative Dashboard-ի օգնությամբ ձեռք է բերել նրան առնչվող ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերը։Մաս 1
Մեկ տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևին։ Սակայն այս հանդիպումը որեւէ առնչություն չուներ Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունների հետ։ Հայաստանի կառավարությունը նրան չի գործուղել Ղազախստան։ Դեսպան Արմեն Սարգսյանն այնտեղ ներկայացել է որպես անդրազգային «Inalca Eurasia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Երբ սկսեցինք ուսումնասիրել դեսպան Արմեն Սարգսյանի գործունեությունը, ակնհայտ դարձավ, որ նրա հանդիպումների հիմնական մասը կապված է զանազան բիզնես ծրագրերին։ Արմեն Սարգսյանը պնդում է, որ ինքը բիզնեսներ չունի, և դրա համար իր հայտարարագրում չի գրել այդ մասին, ավելին` նրա կինը՝ Նունուֆար Սարգսյանը, եկամուտներ չի ունեցել 2013 թվականից սկսած։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազույցում Արմեն Սարգսյանն ասում է, որ զանազան բիզնեսներում իր ունեցած բոլոր բաժնեմասերը փոխանցել է ընտանեկան հիմնադրամին, որի բաժնետեր չէ ստեղծման օրվանից, և բիզնեսով ոչ թե ինքն է զբաղվում, այլ ընտանեկան հիմնադրամը։ Արմեն Սարգսյանն, ըստ երեւույթին, աշխարհում այն եզակի պաշտոնյաներից է, ով բիզնես ընկերությունների համար աշխատում է «անվճար»։ Իրականությունն այն է, որ Հայաստանը Մեծ Բրիտանիայում ներկայացնող դեսպանը տարիներ շարունակ պաշտոնն օգտագործել է իր և իր ընտանիքի բիզնեսները զարգացնելու համար։ Իսկ երբ նրան ազատել են դեսպանի պաշտոնից, նա միանգամից հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից ու դարձել Մեծ Բրիտանիայի քաղաքացի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության սովորական անձնագիրն այլեւս «պիտանի» չէր, դրանով դժվարություններ կունենար այդ բիզինեսներն անելիս։ Արմեն Սարգսյանի անունը կարելի է հանդիպել զանազան խոշոր կորպորացիաների, ընկերությունների, միությունների ղեկավարների կամ ներդրողների ցանկում: Որպես կանոն` նա ներկայացել է Բրիտանիայի քաղաքացի։ Մի քանի ընկերություններում մինչեւ 2015 թվականը նա այդպես է ներկայացել։ Թե երբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից և երբ է նորից դարձել ՀՀ քաղաքացի, առայժմ դժվար է ասել։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասում է, որ 2011-ին Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ 2000թ. ապրիլի 20-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արմեն Սարգսյանին ազատել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պարտականություններից։ Սակայն, Արմեն Սարգսյանն այդպես էլ որեւէ փաստաթուղթ չներկայացրեց Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին։ Մեր բոլոր հարցումներին Մեծ Բրիտանիայի տարբեր կառույցներ, անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքին հղում անելով, մերժում են տեղեկություն տրամադրել, իսկ «Հետքը» շարունակում է բողոքարկել դրանք՝ նշելով, որ Հայաստանի համար այս դեպքում միանգամայն այլ տիրույթում է հարցը, Հայաստանի հանրային շահն ավելի կարեւոր է, որովհետև Արմեն Սարգսյանը դարձել է ՀՀ նախագահ և Մեծ Բրիտանիայի հետ այլեւս առնչություն չունի։