Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 14-19-ը Երեւանը կվերածվի եվրոպական սուսերամարտի կենտրոնի

Սպորտ
sport-suseramart

Ապրիլի 14-19-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: «Առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 31 երկրներ: Անհատական մրցումներում հանդես կգան 290 մարզիկ-մարզուհի, իսկ թիմայինում պայքար կմղեն 60 թիմ», - այսօր այդ կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Ալիկ Նավասարդյանը: Հայաստանի մարզիկները, թվով 18 հոգի, երեք ձեւերից հանդես կգան միայն երկուսում՝ ճկասուսերում եւ խոցասուսերում: Թիմային մրցումներում ելույթ կունենա միայն տղամարդկանց հավաքականը, սակայն բոլոր երեք ձեւերում: «Մինչ այսօր մեր մարզիկներն առաջնությանը պատրաստվել են անհատական ծրագրերով, սակայն այժմ նրանք համատեղ մարզումներ են անցկացնում Հայաստան ժամանած մի քանի երկրների ներկայացուցիչների հետ, ինչը մեծ օգուտ կտա լավ պատրաստվելու եւ միջազգային փորձ ձեռք բերելու համար», - նշեց ՀՍՖ-ի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը: Ասուլիսին մասնակցած սուսերամարտիկ Էդուարդ Օվիկյանը գնահատելով իր հնարավորություններն առաջիկա առաջնությունում, ասաց, որ չնայած տանը օգնում են սեփական պատերը, սակայն շատ դժվար պայքար է սպասվում մեր մարզիկներին, քանի որ 23 տարեկանների մրցումներում հանդես են գալիս ամենախոստումնալից եւ ամենաուժեղ երիտասարդ սուսերամարտիկները: Սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը տեղի կունենա Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճում: Մրցումների բացումը կկայանա ապրիլի 15-ին, ժամը 17:00-ին, որից հետո կկայանանան եզրափակիչ փուլի մրցամարտեր երկու մրցաձեւում: