«Հայկական արծիվները»՝ 2018 PRO Chess League-ի հաղթող (տեսանյութ)
Հայաստանը ներկայացնող «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց շախմատի 2018 PRO Chess League-ի առաջնությունում, որն անցկացրեց chess.com հայտնի կայքը: Մեր թիմը հաղթելով Արևելյան ենթախմբում, մտավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցներն էին մյուս ենթախմբերի հաղթողները՝ չինական Chengdu Pandas, ամերիկյան Saint Louis Arch Bishops-ը եւ Սլովենիայի Ljubljana Turtles-ը: Եզրափակիչը մրցաշարը կայացավ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Կիսաեզրափակիչ մրցամարտում «Հայկական արծիվները» 8,5:7,5 հաշվով առավելության հասան Saint Louis Arch Bishops-ի նկատմամբ, որի կազմում հանդես էր գալիս մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Եզրափակիչում խաղում մերոնք հանդիպեցին Chengdu Pandas-ի հետ, որը կիսաեզրափակիչում 9,5:6,5 հաշվով ջախջախել էր Ljubljana Turtles-ին: Եզրափակիչ մրցամարտի հիմնական խաղափուլերից հետո հաշիվն հավասար էր՝ 8:8: Լրացուցիչ փուլում Զավեն Անդրիասյանը հաղթանակ տարավ ու վճռեց հանդիպման ելքը՝ 12:11: «Հայկական արծիվներ» թիմն այս մրցումներում հանդես եկավ այսպիսի կազմով՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան, Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, թիմի մենեջեր-խաղացող՝ Արտակ Մանուկյան։