Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ երկու տարի առաջ իր ուժերին վստահ մարզիչը հրաժարական տվեց

Սպորտ
Ruben-Hayrapetyan_Artur-Petrosyan

«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել, դրական արդյունք գրանցել: Եթե համոզված չլինեի, չէի ստանձնի հավաքականի ղեկը», - երկու տարի առաջ, նոյեմբերի 2-ին, այսպես է բացատրել իր նշանակումը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Իսկ այսօր անկախ Հայաստանի ֆուտբոլի լեգենդներից մեկն արդեն հրաժարական տվեց, ինչը իսկական ամպրոպ էր անանմպ երկրնքում: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության, Արթուր Պետրոսյանը ՀՖՖ նախագահին ներկայացրել է իր դիրքորոշումը եւ ասել, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ հավաքականում դեռ շատ փոփոխություններ է պետք: Քննարկումից հետո գլխավոր մարզիչն արդեն ներկայացրել է իր հրաժարականը, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից: Բնականաբար հարց է ծագում, ինչո՞ւ երկու տարի առաջ իր ուժերին վստահ մասնագետը հանկարծ կորցրեց այդ զգացողությունը եւ հրաժարական ներկայացրեց: Կարծում ենք, որ դրա համար շատ-շատ պատճառներ կային: Նախ, Արթուր Պետրոսյանը լիովին ձախողեց 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլը, չնայած իր առաջին երկու խաղերում հաղթեց Մոնտենեգրոյի եւ Ղազախստանի հավաքականներին: Նրան այդպես էլ չհաջողվեց ստեղծել կուռ եւ մարտունակ թիմ, որը ի վիճակի էր կռիվ տալ ցանկացած հավաքականի հետ: Այդ բացը հատկապես զգացնել տվեց ընտրական փուլի վերջում, երբ մեր ընտրանին սեփական դաշտում խոշոր հաշվով պարտվեց Լեհաստանի (1:6) եւ Դանիայի (1:4) հավաքականներին: Սակայն ամենակարեւորն այն էր, որ Արթուր Պետրոսյանը յուրաքանչյուր պարտությունից հետո կորցնում էր իր ինքնավստահությունը, հավատը հավաքականի հանդեպ: Զարմանալի չէ, որ նա ասուլիսներից մեկում ազնվորեն խոստովանեց, որ ներկայիս կազմով հնարավոր չէ հետապնդել լուրջ նպատակներ, այդ թվում հաղթել Ազգերի Լիգայի Դ դիվիզիոնում, չնայած դրանում հանդես են գալիս հաղթահարելի մրցակիցներ: Իսկ թե ինչն է եղել վերջին կաթիլը, որը Արթուր Պետրոսյանին ստիպել է դիմել ծայրահեղ քայլի եւ հրաժարվել ազգային հավաքականից՝ գիտի միայն ինքը: Համենայնդեպս, Լիտվայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից հետո պարզ նկատվեց, որ նա չի տիրապետում թիմում կատարվող իրադարձություններին: Մասնավորապես, մեր թղթակցի հարցին, թե ինչո՞ւ թիմը ակտիվ չսկսեց խաղը, նա պատասխանեց. «Դուք դա պետք է տղաներին հարցնեք: Առաջադրանքը հենց այդպես էլ դրված էր, պետք էր ակտիվ սկսել խաղը։ Բայց ինչպես արդեն նշեցի՝ մենք բավական անատամ խաղ ցուցադրեցինք։ Մենք ոչ թե մեկ, այլ 2-3 քայլ էինք ուշանում, եւ դա անդրադարձավ խաղի վրա»։ Արթուր Պետրոսյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ հավաքականի ֆուտբոլիստները չեն կատարել իր առաջադրանքը, իսկ դա արդեն իսկ հրաժարական տալու շարժառիթ էր: Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանի պայմանագրի ժամկետը երկարացվել էր անցած տարվա հոկտեմբերի 27-ին, որը նախատեսված էր երկու տարվա համար, մինչեւ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտը: