«Շիրակը» վերջին րոպեին հաղթեց առաջատարին եւ հավասարվեց միավորներով (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացան 21-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս պարտվեց Գումրիի «Շիրակին», ընդ որում դաշտի տերերը հաղթական միակ գոլը խփեցին խաղի վերջին րոպեին: Այդպիսով, շիրակիցները տարան չորրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեցին 34 միավոր եւ հավասարվեցին հենց ալաշկերտցիներին: Հանրապետության չեմպիոնը, հակառակը, կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ կորցրեց նախկին առավելությունը: Նույնքան, 34 միավոր ունի նաեւ Կապանի «Գանձասար-Կապանը», որը երկրորդ հաղթանակը տարավ նորանշանակ գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի ղեկավարությամբ՝ սեփական դաշտում պարտության մատնելով առաջնության ընդգծված հետնապահ «Արարատին»՝ 3:1: Չեմպիոնի կոչման համար կպայքարի նաեւ Երեւանի «Բանանցը», որն այս տուրում իր հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ: Արամ Ոսկանյանի սաները վաստակեցին 33 միավոր եւ ընդհուպ մոտեցան առաջատար եռյակին: Առաջնության 22-րդ տուրը տեղի կունենա առաջիկա շաբաթ-կիրակի օրերին: Ապրիլի 7-ին «Ալաշկերտը» կընդունի «Արարատին», իսկ «Փյունիկը»՝ «Գանձասար-Կապանին»: Ապրիլի 8-ին կկայանա տուրի կենտրոնական խաղը, որտեղ «Շիրակն» իր հարկի տակ կընդունի «Բանանցին»: