Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզիչները չգիտեն ինչպես է դոպինգ հայտվել Սոնա Պողոսյանի արյան մեջ

Կարևոր լուրեր Սպորտ
sport-skandal

«Սա թիկունքից հարված էր ծանրամարտի կանանց հավաքականին, ծանրամարտի ֆեդերացիային ու հայկական սպորտին: 15 տարի կատարած մեր քրտնաջան աշխատանքը մի ակնթարթում ջուրը ընկավ: Չգիտեմ ինչ ասեմ այդ կապակցությամբ», - Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն այսպես մեկնաբանեց թիմի անդամ Սոնա Պողոսյանի մոտ խթանիչ հայտնաբերելու փաստը: Մարզուհու անձնական մարզիչ Արման Ղազարյանը նույնպես չի կարողանում բացատրել, թե ինչպես է արգելված դեղամիջոցը հայտնվել իր սանի արյան մեջ. «Սոնան ասում է, որ բժիշկների կողմից թույլատրած վիտամիններից բացի ուրիշ ոչ մի դեղ չի օգտագործել: Չգիտեմ, թե ինչպես է այն հայտնվել նրա արյան մեջ», - «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց մասնագետը: Նշենք, որ Սոնա Պողոսյանը դոպինգ ստուգման ենթարկվել է փետրվարի սկզբին, երբ ուսումնամարզական հավաք է անցկացնելիս եղել Աբովյանում: Նա եւս մեկ անգամ փորձանմուշ է հանձնել նաեւ Հայաստանի առաջնության ժամանակ:  Վիենայի դոպինգ կենտրոնում կատարված ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ Աբովյանում վերցրած նմուշը դրական արդյունք տվել, իսկ երկրորդը՝ բացասական: Ի դեպ, ինչպես պարզեց մեր մարզական լրագրողը, ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը եւ մարզուհու անձնական մարզիչ Արման Ղազարյանը ժամանակավոր հեռացվել են զբաղեցրած պաշտոնից: «Մենք իրենց ժամանակ ենք տվել, որպեսզի առաջիկա 20 օրում պարզեն, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես է խթանիչը հայտնվել Սոնա Պողոսյանի արյան մեջ: Եթե նրանք հիմնավոր պատճառաբանություններ բերեն, ապա կշարունակեն իրենց աշխատանքը, հակառակ դեպքում նրանք կպատժվեն», - մեր թղթակցին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Իսկ թե ինչ շարունակություն կստանա այս սկանդալը, պարզ կդառնա 20 օր անց, երբ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի Սոնա Պողոսյանի դոպինգ ստուգման վերջնական արդյունքները: