Ռուս սահմանապահները պատռել են հայաստանցու անձնագիրը (տեսանյութ)
Դեբեդցի Սեյրան Պապինյանը մարտի 1-ին այդպես էլ Յակուտսկ չի հասել։ «Սիբիրյան ավիաուղիներով» թռչող հայաստանցուն Նովոսիբիրսկից հետ են ուղարկել Երեւան, ընդ որում՝ հինգ օր անց, քանի որ ավելի վաղ թռիչք չի եղել։ ՀՀ քաղաքացուն, որը Նովոսիբիրսկի օդանավակայանում եղել է որպես տարանցիկ ուղեւոր, ռուս սահմանապահներն ասել են, որ խնդիրը անձնագրի մաշվածությունն է ։ «Զվարթնոց» օդանավակայանում են միայն նրան անձնագիրը վերադարձրել , այն էլ՝ պատռված։ Ստիպված դիմել է նոր անձնագիր ստանալու համար։ «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության Մոնիտորինգի եւ գնահատման մասնագետ Տաթեւիկ Բեջանյանը հիշեցնում է, որ որեւէ մեկն իրավունք չուներ պատռելու ՀՀ քաղաքացու անձնագիրը։ Կազմակերպության ներկայացուցիչները դեբեդցիներին բացատրում էին նրանց իրավունքները Ռուսաստանի դաշնությունում, որտեղ եւ հիմնականում մեկնում են աշխատանքային միգրանտները։ Մի քանի ամիս է «Հայկական Կարիտասը» համագործակցում է ՌԴ-ում գործող «Թոնգ Ջահոնի» միջազգային կազմակերպության հետ։ Դեկտեմբերից մինչեւ մարտ ամիս 149 հայաստանցի է դիմել «Թոնգ Ջահոնի» կազմակերպություն եւ ստացել իրավաբանական աջակցության։ Տաթեւիկ Բեջանյանը աշխատանքային միգրանտներին փոխանցում է այդ կազմակերպության ղեկավար Վալենտինա Չուպիկի հեռախոսահամարը։ Վստահ է, որ եթե նրան զանգահարած լիներ Սեյրան Պապինյանը , խնդիրը կարգավորված կլիներ։ Ի դեպ, նա նաեւ առցանց ճշտում է ՝ արդյո՞ք Սեյրան Պապինյանը ՌԴ մուտք գործելու իրավունք ունի , թե ոչ։ Պարզվում է՝ ունի։ Սեյրան Պապինյանը տեղում հայտարարում է, որ տոմս կգնի եւ մի քանի օրից կմեկնի Յակուտսկ։ Ասում է, որ արդեն 30 տարի է արտագնա աշխատանքից ստացված եկամտով է պահում ընտանիքը։ Բայց եւ չի բացառում, որ մի քանի տարուց էլ չբռնի Ռուսաստանի ճանապարհը։ Պատճառը ոչ թե հայրենիքում աշխատանքի առաջարկն է, այլ տարիքը։ Չնայած միակ հանգամանքը, որը դեբեդցի տղամարդկանց տարվա մի մասը ընտանիքներից չի բաժանի, աշխատանքն է։ ԹԵԺ ԳԻԾ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել +7 903 148 9636 եւ +7 926 834 7602 ՇՈՒՐՋՕՐՅԱ, ԱՆՎՃԱՐ թեժ գծի համարներով, եթե իրենց իրավունքները խախտում են.
- - ոստիկանության աշխատակիցները
- - միգրացիոն ծառայության աշխատակիցները
- - սահմանապահները եւ մաքսային ծառայողները
- - գործատուն կամ գործընկերները
- - վարձակալած բնակարանի սեփականատերը
- - այլ անձինք