ՀՀԿ ԳՄ նիստից հետո. Շարմազանովը պատասխանում է հարցերին (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքին ներառելու հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ապագա կառավարության կազմում կարող է տեղ ունենալ նաև «Ծառուկյան» դաշինքը, որը կոալիցիա կկազմի իշխանությունների հետ: «Մենք այդ հարցը չենք քննարկել, երբ քննարկենք, ինչ որոշման էլ հանգենք, կգանք և կներկայացնենք»,-նշեց Շարմազանովը: Նրա գնահատմամբ՝ խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման առումով անհամեմատելի են 2008թ. և 2018թ. Հայաստանները: Շարմազանովը նշում է, որ 2008-2009 թվականներին միջազգային և եվրոպական կառույցները Հայաստանին շատ բաների համար էին քննադատում: «Մենք կարող էինք դրանց մի մասի հետ համաձայն լինել, մյուս մասի հետ՝ ոչ, սակայն դա փաստ էր: Իսկ այսօր՝ 2018թ.-ին, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Նախագահի վարած ճկուն քաղաքականության արդյունքում մենք ունենք ազատ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ: Սա իմ գնահատականները չեն, այլ ԱՄՆ հարգարժան դեսպանի գնահատականներն են, ով իր հարցազրույցներից մեկում այդ մասին խոսել է: Իսկ ոչ ժողովրդավարական երկրներում ազատ մամուլ և ազատ քաղաքացիական հասարակություն չի լինում»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: