Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդո. Խոստովանություն՝ 20 տարի անց (տեսանյութ)

Սպորտ
sport-ronaldo

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ռոնալդոն վերջապես խոսել է 1998թ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ իր հետ կատարվածի մասին, որն ուղիղ 20 տարի տարբեր ասեկոսեների եւ ենթադրությունների տեղիք էր տվել: Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Բրազիլիա եզրափակիչ խաղից մեկ ժամ առաջ հայտարարվել էր, որ Ռոնալդոն հիվանդ է եւ չի կարող մասնակցել հանդիպմանը, սակայն հետո անսպասելի հայտավորվել էր թիմի մեկնարկային կազմում: Սակայն Ռոնալդոն այդ խաղում բավականին պասիվ է գործել եւ ոչնչով չի կարողացել օգնել իր թիմին: Այն ժամանակ լուրեր էին պտտվում, որ նրան թունավորել են կազմակերպիչները՝ ֆրանսիացիները, կամ սպառնացել են, եւ այլն: Եվ ահա, 20 տարի անց Ռոնալդոն վերջապես խոսել է իր հետ տեղի ունեցածի մասին: «Այդ օրը ճաշելուց հետո որոշեցի հանգստանալ, եւ վերջինը, ինչ հիշում եմ, դա այն էր, որ քնած ժամանակ դողերոցք եմ ունեցել: Ինձ շրջապատել էին թիմակիցներս ու հավաքականի բժիշկ Տոլեդոն: Նա ամեն ինչ ասաց ինձ: Ես խնդրեցի մենակ թողնել, որպեսզի մի փոքր էլ քնեմ: Հետո Լեոնարդոն ինձ հրավիրեց հյուրանոցի պուրակ եւ ասաց, որ տղաները դեմ չեն, եթե ես հրաժարվեմ խաղից: Նախնական բուժզննումը ոչ մի տարօրինակ բան ցույց չէր տվել, դրա համար շատ զարմացա, երբ մեր գլխավոր մարզիչ Մարիո Զագալոն խաղից առաջ ինձ չընդգրկեց մեկնարկային կազմում: Ես բժշկի տված թղթով մոտեցել եմ նրան եւ ասել, որ ոչինչ չկա եւ ես լիովին պատրաստ եմ խաղին: Նա այլընտրանք չուներ եւ համաձայնվեց իմ հետ: Ավաղ, մենք չկարողացանք լավ խաղ ցույց տալ, քանի որ իմ հետ կատարվածն ազդել էր մյուս ֆուըբոլիստների վրա: Համենայնդեպս, ես շատ էի ցանկանում մասնակցել այդ խաղին, որպեսզի կատարեի իմ պարտքն հայրենիքիս առջեւ», - անգլիական 4+4+2 կայքին տված հարցազրույցում ասել է 2002 թվականի աշխարհի չեմպիոնը: Հիշեցնենք, որ 1998թ աշխարհի առաջնության Ֆրանսիա – Բրազիլիա հանդիպումն ավարտվել էր մրցաշարի կազմակերպիչների՝ ֆրանսիացիների խոշոր հաղթանակով՝ 3:0: