«Ազատությունը մեր մեջ ապրող ստրուկի մահն է» (տեսանյութ)
Խորհրդային միության կրկնակի հերոս։ Կատարել է 239 մարտական թռիչք: Խմբովին և անձամբ ջրասույզ է արել թշնամու 53 նավ, որից 13-ը անձամբ, ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 օդանավ: Զոհվել է Բալթիկ ծովում` այրվող օդանավով մխրճվելով թշնամու նավախմբի մեջ: Թվեր, որի ետևում մարդկային ճակատագիր է։ Ճակատագիր, որ դարձավ պատմություն անձնազոհության ու խիզախ ոգու մասին։ «Ազատությունը մեր մեջ ապրող ստրուկի մահն է,-կգրի «Բալթիկայի մրրկահավը» իր օրագրում։ Ճակատագիր և պատմություն հերոսի մասին, որ դարձավ կիսանդրի, հուշատախտակ և մի փոքր ստենդ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանում։ «Ինձ թվում է, որ ես մի թռչուն եմ, որն իջել է գետնին, ու մի տեսակ օրորվելով է քայլում: Ես գետնի վրա նույնիսկ ավելի զգույշ եմ լինում, քան երկնքում, որտեղ և ավելի լավ եմ տեսնում, և ավելի լավ եմ զգում», -գրում էր Նելսոն Ստեփանյանը իր օրագրում։ Անծիր երկնքի սկիզբը՝ Երևանի ավիամոդելավորողների խմբակն էր, ապա Բատայսկի քաղաքացիական ավիացիայի օդաչուների դպրոցը: Պատերազմից մեկ տարի առաջ նրան հանձնվել էր կրծքանշան 300,000 կմ թռիչքի համար: 1944-ի ապրիլը Նելսոն Ստեփանյանը դիմավորեց 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատարի պաշտոնում: Նա կարող էր արդեն և չթռչել ու կառավարել իր գրոհայիններին, սակայն, Բատյան, ինչպես նրան դիմում էին իր օդաչուները, որոնց նա մենակ մարտի չէր թողնում, ասում է. «Երկինք բարձրացող գրոհայինը ոչ թե զբոսանքի է գնում, այլ մահվան հետ հանդիպման: Մենք սակրավորի նման ենք՝ սխալվում ենք մեկ անգամ, պարտվում ենք նույնպես մեկ անգամ»։ Նելսոն Ստեփանյանի անունով կոչեցին փողոց ու դպրոց, իսկ արձանը տեղադրվեց այն ժամանակ Կիրովի անունը կրող մանկական այգում, 1950-ի նոյեմբերի 8-ին։