Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Հայաստանի հավաքականը պարտվեց Լիտվայի ընտրանուն (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-litva

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այս տարվա երկրորդ ընկերական խաղում իր հարկի տակ պարտվեց Լիտվայի ազգային թիմին:   Հանդիպման միակ գոլը առաջին խաղակեսի վերջին րոպեին խփեց լիտվացիների կիսապաշտպան Օվիդիուս Վերբիկասը: Հյուրերը, որոնք աչքի ընկան իրենց կազմակերպվածությամբ եւ նպատակասլացությամբ, երկրորդ խաղակեսում գոլ խփելու եւս երեք լավ պահ ունեցան, սակայն երկու դեպքում վստահ խաղաց մեր թիմի դարպասապահ Գոռ Մանուկյանը, իսկ մյուս դրվագում հարմար դիրքից վրիպեց լիտվացիների ամենավտանգավոր խաղացողը՝ Ֆյոդոր Չեռնիխը:   Հայաստանի հավաքականը, ինչպես Էստոնիայի ընտրանու նախորդ խաղում, կրկին ոչնչով աչքի չընկավ: Ավելին, այնպիսի տպավորություն էր, որ մեր խաղացողների մոտ ընդհանրապես բացակայում էր հաղթանակի հասնելու ձգտումը: Միգուցե դա գալիս էր այն բանից, որ հանդիպումն ընկերական բնույթ էր կրում եւ միավոր չէր բերում թիմին: Համենայնդեպս, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղյա մամուլի ասուլիսին նշեց, որ իր համար կարեւոր չէր հանդիպման արդյունքը, այլ այն, որ նոր ֆուտբոլիստների փորձարկեց, խաղի ընթացքում մի քանի անգամ փոխեց թիմի  մարտավարությունը, սակայն, որոնք, ըստ իր խոսքերի, այդպես էլ ոչինչ չտվեցին:   Մեր այն հարցին, ինչո՞ւ թիմը ակտիվ չսկսեց խաղը եւ չփորձեց հանկարծակիի բերել մրցակցին, ինչպես դա արել էր Վրաստանի հավաքականը, որը երեք օր առաջ այդ եղանակով իր հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել էր լիտվացիներին, Արթուր Պետրոսյանն ասաց, որ մեր ֆուտբոլիստներն այսօր պարզապես անատամ խաղ ցուցադրեցին:   Իսկ թե ինչո՞ւ են մեր խաղացողներն այս տարի այդպես անատամ գործում ընկերական հանդիպումներում, առայժմ մնում է հանելուկ: Մեկ բան պարզ է. եթե թիմի առջեւ չի դրվում լուրջ, այսինքն, հաղթանակի հասնելու խնդիր, ապա ֆուտբոլիստները կորցնում եմ եւ մարտունակությունը, եւ պայքարելու ցանկությունը, եւ արդյունքի հասնելու ձգտումը, եւ ընհրանրապես խաղի նկատմամբ եղած հետաքրքրությունը: Հայտնի ասացվածքն ասում է՝ որքան դժվար է զորավարժությունում, այնքան հեշտ է՝ մարտում: