Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայկական դերբի Բաթումում

Սպորտ
a1evrochess-1

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մոտեցել է եզրագծին: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր, իսկ դա նշանակում է, որ մրցանակային տեղերի համար պայքարող շախմատիստների համար ճակատագրական կլինի յուրաքանչյուր միավորի կորուստը:   Ինը տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4 հոգի՝ Գավեյն Ջոնսը, Ռադոսլավ Վոյտաչեկը, Մաքսիմ Մատլակովն ու Անտոն Կորոբովը: Նրանց հաջորդում են 15 շախմատիստ, որոնք առաջատարներից հետ են մնում կես միավորով:   Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, ովքեր իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: Նրանք գտնվում են առաջատարներին հետապնդողների, այսպես ասած, երկրորդ հոսքում: Հաշվի առնելով այն, որ մեդալներից բացի առաջնությունում խաղարկվում են նաեւ աշխարհի գավաթի 23 ուղեգրեր, մերոնք վերջին երկու տուրերում պետք է ձգտեն միմիայն հաղթանակների:   Այսօր նախատեսված նախավերջին՝ 10-րդ տուրում, Գաբրիել Սարգսյանը կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, Հրանտ Մելքումյանը ուժերը կչափի Վրաստանի ներկայացուցիչ Միխեիլ Մչեդլիշվիլու հետ, իսկ Արման Փաշիկյանին մրցակից է բաժին հասել ուկրաինացի Յուրի Կուզուբովը: