Սպորտի ղեկավարության հետ շփում չենք ունեցել. Դուքենդոյի ֆեդերացիա (տեսանյութ)
Մարտի 24-ին կանցկացվի դուքենդոյի Անդրանիկ Մարգարյանի թվով 11-րդ հուշամրցաշարը: «Այս տարի մրցումներին կմասնակցեն մոտ 1000 մարզիկ: Նրանք կմենամարտեն շարունակական մարտաոճով: Տարբեր տարիքային խմբերում առաջին երկու տեղերը գրաված մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի առաջնությանը եւ միջազգային մրցաշարերի», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը: Մրցումների գլխավոր մրցավար Խաչիկ Նասինյանը մասնակիցների նման մեծ աճը բացատրում է միայն մեկ հանգամանքով. «Նախ դպրոցներում ավելացել է դուքենդոյով զբաղվող երեխաների թիվը: Երկրորդ՝ մենք բոլոր մրցումներում աշխատում ենք անաչառ եւ ազնիվ մրցավարություն ապահովել: Դա տեսնելով, շատերը ցանկանում են մասնակցել մեր կողմից անցկացվող մրցումներին», - ասաց նա: Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը ողջունում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից արեւելյան մարտարվեստների ֆեդերացիաների աշխատանքները վերահսկողության տակ պահելու գործընթացը, սակայն նա դեռեւս շփում չի ունեցել սպորտի ղեկավարության հետ. «Լավ է, որ նախարարությունը սկսել է համակարգել մեր ոլորտը, քանի որ երկար տարիներ այն եղել է բարձիթողի վիճակում: Մենք դիմել ենք սպորտի նախարարին եւ պատրաստակամություն ենք հայտնել աջակցել նրան այդ հարցում, սակայն առայսօր որեւէ արձագանք չկա նրա կողմից», - նշեց Հայկ Վարդանյանը: