«Իշխանությունը պետք է ֆինանսապես աջակցի ընդդիմությանը» (տեսանյութ)
Ես չեմ տեսնում այն քայլերը, որով կարելի է կանխել ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին, որպես վարչապետի թեկնածուի առաջադրելը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Կարեւոր չէ, թե ես ինչպես եմ վերաբերվում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ես դրա վրա ներազդել չեմ կարող: Քաղաքացին իր ձայնը 10,000 դրամով տվեց հանրապետականին եւ այսօր ակնկալել, որ ժողովուրդը կմտնի ակտիվ քաղաքականության մեջ, իրատեսական չէ, չէ՞ որ փող է վերցրել»: «Երբ ընդդիմությունն ասում է՝ պայքարում ենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ինչու չի հնչեցնում, թե ո՞ւմ է ուզում տեսնել նրա փոխարեն: Դա շատ կարևոր հարց է: Եթե դու պայքարում ես մի մարդու դեմ և չես առաջարկում այն մարդու անունը, որն այսպես թե այնպես պետք է ՀՀԿ-ից լինի, պայքարն իրական չեմ տեսնում»: Լյուդմիլա Սարգսյանն անդրադառնալով ընդդիմադիր դաշտի գործունեությանը, նշեց որ Հայաստանում ընդդիմությունը թույլ է եւ համախմբման պրոցես չկա: «Իշխանությունը պետք է աջակցի ընդդիմությանը, որ այդ դաշտը կարողանա ավելի վստահ հանդես գա: Իշխանությունը պետք է ֆինանսական աջակցություն տրամադրի , հակառակ դեպքում ընդդիմությունը Հայաստանում լրիվ կքայքայվի», ասում է Լյուդմիլա Սարգսյանը: