Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանուկը, որը չվախեցավ (տեսանյութ)

Հասարակություն
manuk3

   Սկզբում ամեն ինչ դժվար էր։ «Առաջ ես ընդհանրապես չեմ պարել»,- ասում է հենաշարժողական խնդիրներ ունեցող Մանուկ Սաղաթելյանը։ Ամաչում էր, չէր ուզում բեմ բարձրանալ, ուզում էր արագ հեռանալ։ Բայց այդ   հինգ տարի առաջ էր։ «Հետո կամաց-կամաց  սովորեցի այդ շարժումները։ Գլուխկոնծին ամենաառաջին շարժումս է եղել, ու շատ լավ է ստացվում այդ իմ մոտ»,- ասում է երիտասարդը։ 22-ամյա Մանուկ Սաղաթելյանը  ներառական պրոֆեսիոնալ թատերախմբի դերասաններից մեկն է։ Խումբը  ստեղծվել է  Փոքր թատրոնին կից՝ Բրիտանական խորհրդի  «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակներում՝  Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական խմբի հաջողությունից ոգեշնչված։   «  Պարապում եմ Վահան Բադալյանի հետ։ Ինքն է իմ առաջին ուսուցիչը, ինձ համ սովորեցնում է  թատերական հնարքներ,  համ պարային»,- պատմում է Մանուկը։     Փոքր թատրոնում նոր  ներկայացում է  բեմադրվում։  Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը  մոտ երկու ժամ Մանուկի հետ առանձին փորձ է անցկացնում։ Մանուկը չի հոգնում. «Կարեւորը, որ հանդիսատեսը ինձ հասկանա, իմ շարժումները՝ հասկանա։ Որ բեմի վրա ինչ-որ բան անում եմ,  հանդիսատեսը ծափահարում է,  այդ ինձ համար շատ մեծ բան է»։ Մանուկը սիրում է թատրոնը, որը  հնարավորություն տվեց   հավատալու իր ուժերին։      Չնայած վստահությունն  ավելի վաղ էր  ծնվել, երբ սկսեց այցելել «Օրրան»բարեգործական կազմակերպություն։ «Լիքը բաներ սովորեցի,  փայտի փորագրություն»,- ասում է նա։ Այստեղ բազմաթիվ ընկերներ է ձեռք  բերել, որոնց հետ սիրում է  նաեւ շախմատ խաղալ. « Յոթ  տարի առաջ էլի «Օրրանում» եմ սկսել շախմատ խաղալ , ու նույնիսկ ունեմ երկրորդ կարգ։   Համարյա միշտ խաղում ենք երեխեքով շախմատ, ոչ միշտ,  բայց հաղթում եմ»։    Մանուկ Սաղաթելյանը երազանք ունի հանդես գալ աշխարհի տարբեր բեմերում եւ արժանանալ հանդիսատեսի ծափահարություններին։  Ասում է՝ երբեք պետք չի փնտրել պատճառ՝  սկսած գործը  կիսատ թողնելու համար. «Պետք չի ամեն ինչում հուսահատվել, որովհետեւ եթե դու հուսահատվես, դու կյանքում ոչ մի բանի չես կարող հասնել, դու պիտի միշտ առաջ նայես, ու միշտ պիտի ուժեղ լինես»։