Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրանտ Բագրատյանը առաջարկեց ձեզ գնդակահարել... շատ եք խաբել» (տեսանյութ)

Քաղաքականություն
EC7RCqM11QM

ԱԺ-ում այսօր «Ազգային վիճակագրական ծառայության մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը հարակից զեկուցող ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին, նշեց, որ որեւէ մեկը չի կասկածում ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանի ազնվության վրա, սակայն եթե վերեւից նա հրահանգ է ստանում ներկայացնել 2.6 տոկոս գնաճ, նա այլ բան չի կարող անել, քան այդպես ներկայացնել։ Վարդան Բոստանջյանն արձագանքի կարիք չուներ Միքայել Մելքումյանի խոսքերին։ «Տեսնում եք, պարոն Մելքումյան, ֆուտբոլային փոխանցումների այնպիսի ճշգրտությամբ սպառիչ պատասխան տվեցինք, որ պարոն Բոստանջյանի մոտ այլ հարցեր չառաջացան»,-կատակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Պրեմիեր Լիգայի խաղերն են»,- նույնպես կատակեց Միքայել Մելքումյանը։ «ՉԷ, Լա Լիգայի խաղերն են»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ այն տոտալ անվստահությունը, որ կա երկրում՝ դա փաստ է. «Սակայն ԿԸՀ, ԱՎԾ նկատմամբ անվստահությունն անսահման է։ Դուք փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու ձեր տրամադրած թվերին հանրությունը չի հավատում։ Պատասխանը մեկն է` քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Դուք ասում եք ներկայացված օրենքը համապատասխանեցվել է միջազգային ստանդարտներին, մինչդեռ միակ ստանդարտը, որ պետք է համապատասխանեցնել օրենքը, իրականությունն է։ Մարդիկ լքում են ՀՀ-ն, դուք տալիս եք կասկածելի թվեր։ Ասում եք` 2.6 տոկոս գնաճ է, անհարմար է, ծիծաղելի է, պարոն Մնացականյան։ Միգուցե Ձեր օրենքի վրա գրեիք` այսինչ օրենքի փոփոխությունները վիրտուալ ՀՀ համար։ Որոշ ժամանակ առաջ Հրանտ Բագրատյանը առաջարկեց ձեզ գնդակահարել, սակայն ես չեմ դա չեմ առաջարկի. ես գիտեմ, որ դուք պրոֆեսիոնալ եք, սակայն կա ընտրություն` կամ մնալ այդպիսին, կամ դառնալ կամակատար։ Նույնիսկ, երբ ճիշտ թիվ եք ներկայացնում, դրան էլ չեն հավատում, քանի ու շատ եք խաբել»։ ԱՎԾ ղեկավարը Ստեփան Մնացականյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց պատգամավորներին` ազնվության համար. «Իսկ ընդհանրապես, վիճակագիրների համար ամենամեծ երջանկությունը հասկացված լինելն է»: Նշենք, որ օրենքով ընդլայնվում են ԱՎԾ լիազորությունները եւ այն ծառայությունից կվերածվի կոմիտեի։ Հիշեցնենք, որ Կառավարության նիստին Ստեփան Մնացականյանն իր անհամաձայնությունն էր հայտնել ծառայությունը կոմիտեի վերածելու գաղափարին։