Ֆերդինանդ Կարապետյանը՝ ձյուդոյի «Մեծ սաղավարտի» բրոնզե մեդալակիր
Հայաստանի առաջատար ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը հաջող հանդես եկավ Դյուսելդորֆում անկացվող «Մեծ սաղավարտի» խոշոր մրցաշարում: 73 կգ քաշային կարգում մեր մարզիկը տարավ երկու հաղթանակ եւ մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ նրան բաժին հասավ մրցաշարի գլխավոր ֆավորիտը՝ աշխարհի գործող չեմպիոն Ռուստամ Օրուջեւը: Մեր մարզիկը չնայած լուրջ դիմադրություն ցույց տվեց, սակայն ի վերջո զիջեց փորձառու ձյուդոյիստին: Ադրբեջանցի մարզիկը վստահ հասավ եզրափակիչ, եւ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Սփոփիչ մարտում նա 21 վայրկյանում ջախջախեց մոնղոլ Սանջմյատավին: Երրորդ տեղի համար մրցամարտում, որը տեւեց 9 րոպե 50 վայրկյան, Ֆերդինանդ Կարապետյանը մեծ դժվարությամբ հաղթեց Մոնղոլիայի մյուս ներկայացուցիչ Գամբատարին ու տիրեց բրոնզե պարգեւներից մեկին: Նույն քաշային կարգում հանդես եկած մեր մյուս ձյուդոյիստը՝ Արսեն Ղազարյանը, առաջին փուլում պարտվեց բրիտանացի Դանիել Ուիլյամսին եւ դուրս մնաց պայքարից: