Ժիրայր Սեֆիլյանի հարցը «Սասնա ծռեր»-ի գործով նիստին (տեսանյութ)
«Սասնա ծռեր»-ի անդամները հրաժարվում են մասնակցել դատական նիստին, քանի որ պաշտպանները չեն ներկայացել: Իսկ պաշտպաններն էլ չներկայանալով իրենց դժգոհությունն են հայտնում օրենքում կատարված փոփոխության դեմ՝ ըստ որի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար կարող են մինչեւ 100.000 դրամ տուգանքի ենթարկվել: Դատարան ներկայացած միակ պայմանագրային պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ հայտարարություն անելու համար էր եկել: « Այս օրենքն ուղղված է «Սասնա ծռեր»-ի փաստաբանների դեմ: Մենք օրերով ամիսներ շարունակ, փորձել ենք այս հարցին պատասխան տալ, սակայն դատարանը չի փորձել պատասխան տալ»: Փաստաբանը նաեւ ընդգծեց, որ Սասնա ծռերի գործով ըստ էության իրենք պաշտպանություն չեն իրականացնում «Ըստ էության դամոկլյան սուրը կախվելու է մեր գլխին: Հաջորդ այսպիսի հայտարարության համար ինձ 100,000 տուգանելու եք: Դուք սահմանափակում եք իմ ազատ խոսքը եւ իմ պաշտպանյալներին պաշտպանելու իրավունքը»: «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը դատարանում անդրադարձավ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին 11 տարով ազատազրկելու դատախազի ճառին: Այս գործով դատախազ Հակոբ Ենոքյանն էր պահանջել պատժաչափը: « Գտնում եմ, որ դատախազի ներկայությամբ չեմ կարող շարունակել մասնակցել դատական նիստին եւ դա վիրավորանք է մեր սեփական հայրենիքի եւ ազգի նկատմամբ, դա վիրավորանք է ազգային հերոսի նկատմամբ»,- ասաց Արամ Հակոբյանը: Սասնա ծռերի անդամները, չնայած նախազգուշացումներին, լքեցին նիստերի դահլիճը, եւ դատավոր Արթուր Օհանյանը որոշեց 10 ժամ ժամանակով հեռացնել նրանց: Դահլիճում մնացած հանրային պաշտպանների մասնակցությամբ՝ դատախազը շարունակեց ընթերցել գործում առկա գրավոր ապացույցները: