«Ծնողը պահի 18 տարի, ուղարկի բանակ, հետո դիակը տան ու գործերը կարճե՞ն» (տեսանյութ)
8 տարի է, զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը չի կարողանում պարզել որդու մահվան իրական պատճառը: « Ծնողը պահի 18 տարի , ուղարկի բանակ, հետո դիակը տան ու գործերը կարճեն, ասեն ոչ մի բան չի եղել: Ում մոտ գնում ես, ասում են՝ վկան չի խոսում, ուրիշ ինչ նորություն ունես: Անմեղներին սարքում են հանցագործ, հանցագործներին՝ հրեշտակ»,- «Ա1+»-ին ասաց Իրինա Ղազարյանը: Որդեկորույս մոր կարծիքով՝ երկրի ղեկավարն անձամբ պետք է հրաման արձակի՝ բանակում կարգուկանոն հաստատելու համար.«Բաղրամյան 26-ից է, որ այդքան զոհեր կան»։ Կառավարության դիմաց ակցիա են անում նաև Հաշմանդամություն ունեցող օդաչուները։ Նրանք կառավարությունից պահանջում են 2006 թ չստացած իրենց թոշակները եւ կերակրողին կորցնելու դիմաց նշանակված նպաստները։ «81 տարեկան կին եմ, ինչքան պիտի ապրեմ, ես իրենցից ողորմություն չեմ ուզում, հասանելիք, օրենքով նախատեսված գումարը »,- ասում է Ջեմմա Հովհաննիսյանը: «Հայկական ավիաուղիներ»-ի լուծարվելուց հետո հաշմանդամություն ունեցող օդաչուների բողոքներին միայն մեկ պատասխան է տրվում. «Բոլորդ ճիշտ եք, բայց փող չունենք»: «Նաիրիտի» նախկին աշխատակիցներն էլ ահազանգում են՝ գործարանի գույքը վաճառվում է: Իսկ գործարանը չվերագործարկելու պատճառը նրանք համարում են այն, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում զարգացնել արդյունաբերությունը.» Ներդրողների մոտ այնպիսի պայմաններ են դնում, որ հրաժարվում են մասնակցել: Այդքան մարդիկ սոված, ծարավ պտտվում են փողոցում»,- նշում է Սպարտակ Կիրակոսյանը: Արդեն 8 տարի է քիմիական երբեմնի հսկան արտադրանք չի տալիս, իսկ 2015 թ փետրվարին 1700 մարդ ազատվել է աշխատանքից: