Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եգիպտոսից ժամանած դասախոսն արդեն հինգ տարի է ապրում է Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
arab-dasaxos

Հայ և արաբ ժողովուրդների միջև շատ նմանություններ կան ասում է Մուհամմադ ալ-Ջինդին։ Եգիպտոսից ժամանած դասախոսը արդեն հինգ տարի է իր ընտանքի հետ ապրում է Հայաստանում։ Մուհամմադը արաբերեն և եգիպտական բարբառ է դասավանդում Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնում։ Նա  արաբերեն է  դասավանդել Ղազախստանում, Ղրղզստանում Նիգերիայում և այլ երկրներում։ Ասում է ՝  հայերն ի տարբերություն շատ ազգերի, հեշտությամբ են կարողանում սովորել արաբերեն: Սկզբնական շրջանում   հայերենի չիմացությունը դժվարություններ է առաջացրել Մուհամմադի համար, սակայն նրա ուսանողները ամեն հարցով օգնել են։ «Նրանք ինձ կարևոր տեղանքներ էին ցույց տալիս՝ հիվանդանոցները, խանութները և այլն։ Այն ժամանակ դժվարանում էի շփումների մեջ, բայց հիմա կամաց- կամաց հասկանում եմ։ Շուկայում կարողանում եմ առևտուր անել, փողը վճարել»,-ասում է պարոն Մուհամմադը: Հայաստանում մի քանի եգիպտացի ընտանիք էլ կա։Նրանց հետ Մուհամմադի ընտանիքի շփումները  ջերմ են, ինչպես նաև ունեն բարեկամ  հայ ընկերներ։ Երեխաները  հաճախում են Պուշկինի անվան դպրոց, որտեղ սովորում են ռուսերեն և հայերեն։ Հայկական խոհանոցը ևս հասցրել են սիրել. հայկական լավաշը անպակաս է սեղանից։ Եգիպտացի դասախոսը սակայն բողոքում է գներից: «Եգիպտոսում ապրանքներն ավելի էժան են, քան Հայաստանում։ Էժան է հատկապես սննդամթերքը։ Եգիպտոսը գյուղատնտեսական երկիր է, հացահատիկ են շատ մշակում և հացը շատ էժան է։ Օրինակ՝ եթե այստեղ վճարում ենք հիսուն դրամ հացի համար, ապա եգիպտոսում՝ հինգ դրամ»,- պատմում է եգիպտացի դասախոսը։ Մուսուլմանական երկրներում ուրբաթ օրը հանգստյան օր է։ Այդ օրը հավատացյալները հավաքվում են մզկիթում՝ ուրբաթօրյա աղոթքի։ Երևանի Կապույտ մզկիթում սակայն պարոն Մուհամմադը և մյուս մուսուլման արաբները չեն հավաքվում։ Փոխարենը հավաքվում են Եգիպտոսի դեսպանատանը՝ կես ժամով, կատարում են ուրբաթօրյա աղոթքը այնուհետև գնում իրենց գործերին։ Պարոն Մուհամմադը և իր ընտանիքը այնքան են կապվել Հայաստանի հետ, որ անգամ արձակուրդներն են այստեղ անցկացնում և այս հինգ տարվա մեջ երկու անգամ են վերադարձել Եգիպտոս։ Ասում են՝ Հայաստանում իրենց համար շատ կարևոր իրադարձություն է եղել՝ ծնվել է իրենց երկրորդ տղան։ Պարոն Մուհամմադը կատակում է, որ նա մի փոքր նաև հայի է նման։