Ֆուտբոլային ի՞նչ խաղեր կարելի է դիտել այսօր
Եվրոպական թոփ 5 ֆուտոլային առաջնությունների հերթական ուիքէնդը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին, Իսպանիայի առաջնության 22-րդ տուրով: Այս մրցաշրջանի հայտնությունը հանդիսացող «Էյբարը» սեփական դաշտում կընդունի չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող «Սեւիլյային»: Ժամը 23:45-ին, գործող չեմպիոն «Ռեալը», որը ներկայումս զբաղեցնում է 4-րդ տեղը եւ արդեն 19 միավորով հետ է մնում առաջատար «Բարսելոնայից», հյուր կգնա գոյության պայքար մղող «Լեւանտեին»: Ի դեպ, առաջին շրջանում Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1: Իսպանիայից հետո «փոխանցումավազքը» կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգան: Արդեն բացման խաղում մրցաշարի ընդգծված առաջատար «Մանչեսթեր Սիթին» ժամը 16:30-ին հյուր կգնա առաջատար վեցյակին հետապնդող «Բառնլիին»: Առաջին շրջանում մանչեսթերյան ակումբը սեփական դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել: Ժամը 21:30-ին կկայանա օրվա կենտրոնական խաղը: Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում կընդունի «Էվերտոնին»: Թիմերին չնայած ընդամենը երեք տեղ է բաժանում, սակայն 6-րդ հորիզոնականում գտնվող լոնդոնցիները 11 միավոր շատ ունեն, քան՝ լիվերպուլցիները: Գերմանիայի բունդեսլիգայի 21-րդ տուրում անառարկելի առաջատար «Բավարիան» կհանդիպի հետնապահներից մեկի՝ «Մայնցի» հետ: Մյունխենցիները առաջնության նախորդ 7 խաղերում միմիայն հաղթանակներ են տոնել, իսկ տանտերերին այդ ընթացքում հաջողվել է միայն մեկ անգամ ապրել նման բերկրանք: Խաղը կսկսի ժամը 18:30-ին: Մրցաշարային առումով սկզբունքային նշանակություն ունի «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) - «ՌԲ Լայպցիգ» հանդիպումը: Թիմերն այժմ զբաղեցնում եմ 6-7-րդ տեղերը եւ պայքարում են չեմպիոնների լիգայի գոտի մտնելու համար: Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին տեղի կունենա Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի գլխավոր դիմակայություններից մեկը: Վտանգավոր գոտում ընթացող «Լիլը» սեփական հարկի տակ կփորձի կանգնեցնել մրցաշարի ընդգծված առաջատար «ՊՍԺ»-ի հաղթարշավը: Իտալիայի առաջնությունում այսօր կկայանան երկու հանդիպում: Դրանցից առավել սկզբունքայինը «Ինտեր» - «Կրոտոնե» հակամարտությունն է, չնայած թիմերը գտնվում են աղյուսակի հակադիր մասերում: Բանն այն է, որ 4-րդ տեղում ընթացող միլանցիները վաղուց չեն կարողանում հաղթանակ տոնել առաջնությունում: Վերջին անգամ դա նրանց հաջողվել է 2017 թվականի դեկտեմբերի 3-ին, «Կյեւոյի» հետ խաղում՝ 5:0: Դրանից հետո «Ինտերը» անցկացրած յոթ խաղում խփել է ընդամենը 4 գոլ: Իսկ ահա «Կրոտոնեն» վերջին երկու խաղերում նույնքան անգամ գրավել է մրցակիցների դարպասը: