ՀԱՕԿ-ը ուղղեց իր բացթողումը
Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնավոր ներդրումների հաշվին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կառուցվելու է նոր եւ ժամանակակից մարզահամալիր:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքն այդ առիթով ներկայացրել էր վերջինիս նախագիծը, որից պարզ երեւում է, որ նախատեսված չէ կառուցել ֆուտբոլի խաղադաշտ, չնայած այդ մասին նշված էր տեղեկատվության մեջ: «Ա1+»-ը հունվարի 31-ի «ՀԱՕԿ-ում մինի ֆուտբոլը շփոթել են մեծ ֆուտբոլի հետ» նյութի մեջ անդրադարձել էր այդ բացթողմանը։
Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շատ արագ արձագանքեց դրան եւ փոխեց Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայի նախագիծը, որտեղ երեւում է, որ մինի ֆուտբոլի խաղահրապարակի փոխարեն կկառուցվի ֆուտբոլի խաղադաշտ։