Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ես մարդ ծեծեմ ավելի հեշտ կպրծնեմ, քան, եթե փողոցում մի հատ ծխե՞մ» (տեսանյութ)

Հասարակություն
cxaxot

«Պիտի ծխենք» նախաձեռնության մասնակիցներն այսօր Կառավարության շենքի դիմաց դուրս էին եկել բողոքելու ՀՀ առողջապահության նախարարության օրենքի նախագծի դեմ։  Ակցիայի մասնակիցներին մտահոգում է ծխելու համար սահմանված տուգանքների չափերը։ Ինչպես հայտնի է՝ «Ծխախոտի արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի համաձայն՝ օրինակ՝ հասարակական վայրերում ծխելու համար կսահմանվի 250 հազար դրամի վարչական տույժ, կանգառներում ծխելու համար՝ 100 հազար դրամ և այլն։ «Տեղ չկա հատկացված ծխողների համար։ Եթե նման տեղ լինի, բոլորն էլ կգնան այդտեղ։ Չկա տեղ նախատեսված, բայց արդեն արգելում են։ Եթե մարդիկ կխախտեն օրենքը, այդտեղ չեն ծխի, նոր մտածեք օրենք՝ այդ մարդկանց պատժելու համար»,- նշում է նախաձեռնության մասնակից Սեդրակ Պողոսյանը։ Օրենքի նախագծում սահմանված տուգանքներն ավելի բարձր են, քան քրեորեն պատժելի շատ այլ հանցանքների համար նախատեսված տուգանքները։ «Մարդուն թեթև մարմնական վնաս հասցնելու համար տուգանվում են 50-150 հազար դրամ, իսկ փողոցում ծխելու համար  250 հազար դրամ։ Այսինքն՝ եթե ես մարդ ծեծեմ ավելի հեշտ կպրծնեմ, քան եթե փողոցում մի հատ ծխե՞մ»,- ասաց Սեդրակ Պողոսյանը։ Ծխողների հետ հավասար  բողոքի ձայնն էին բարձրացնում նաև չծխողները։  «Ոչ մի մեխանիզմ հրապարակված օրինագծում չկա, թե ով է տուգանելու, ոնց են տուգանելու։ Ենթադրենք՝ փաբում մի քանի տղաներ ենք, ծխում ենք, փաբի տերը թույլ է տալիս։ Ո՞վ է գալու ասի՝ մի ծխեք»,-նշում է նախաձեռնության մասնակից Աշոտ Ստեփանյանը։ Ի տարբերություն նախաձեռնության մասնակիցների՝ չծխող քաղաքացիներից շատերը կողմ են օրենքի կիրառմանը։ Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի նոյեմբերից։