«Օլիգարխները հայրենասիրություն չունեն». Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)
Անկախության համար պայքար մղել է Ղարաբաղի ժողովուրդը, որին միացավ նաև Հայաստանը: Այս կարծիքին է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը: «Ժողովրդի միասնությունից Ղարաբաղի անկախության համար պայքարի ելած՝ ժողովրդից անջատված խումբը, որ դա ուղղորդեց դեպի իշխանափոխություն, նրանք ուզեցին պատրանք ստեղծել, թե իշխանության ու անկախության համար պայքարեցին, և անկախությունը ձեռք է բերվել պայքարով»,- ասում է պարոն Դավոյանը և ավելացնում, որ անկախություն ստանալուց հետո ամենադժվար գործը այն կերտելն է: Ըստ գրականագետ Դավիթ Գասպարյանի՝ անկախությունը հրաշք է, բայց ժողովուրդն սկսեց շատ արագ ծաղրել այդ արժեքը, և այն իր բարձր ոգևորության ալիքից իջավ, դարձավ արտագաղթ՝ փախուստ երկրից: Ըստ մտավորականների՝ Հայոց բանակը մեր ազգի պարծանքն է: Բանակին պետք են հոգեբաններ: «Բանակում սպանությունների առկայությունը՝ իրար հետ չմերվելու արդյունք է, սպայական կազմը ինքն էլ հոգեբանների կարիք ունի»,- ասում է պարոն Դավոյանը: Բանաստեղծը տեղին է համարում ժողովրդի կողմից 1000-ական դրամներով բանակին օգնելը: «Ա1+»-ի հարցին, թե որքանով է ճիշտ, երբ խաղաղ պայմաններում ժողովուրդը գումար է հավաքում բանակի համար, զինհաշմանդամի առողջությունը վերականգնելու համար ևս ժողովրդից են գումար խնդրում, պատերազմի ժամանակ նորից ժողովուրդը սնունդով օգնության հասավ, մինչդեռ պետք է հակառակը լիներ՝ պետությունը իր քաղաքացուն նեցուկ կանգներ, պարոն Դավոյանն այսպես արձագանքեց. «Բարդ հարաբերություններ են, ես չեմ կարող այնպիսի մոդել դնել, որի շուրջ հստակ կարողանանք խոսել: Պետությունը, որպեսզի զորություն ունենա, մեր օլիգարխները, որոնք խոսում են մեր ժողովրդի բարօրության մասին, թող հավաքվեն, իրենց միջոցները դնեն պետության տրամադրության տակ, և վերահսկողը լինեն իրենք. ով մոտենա իրենց տված միջոցներին՝ գլուխը կտրեն, ձեռքը կտրեն, ինչ ուզում են անեն: Բայց ես կարծում եմ՝ էդ նախագիծը չի աշխատի, որովհետև օլիգարխներն այդքան ազգասիրություն և կամք չեն ունենա և հավաքողներն այդքան արդար չեն լինի: Ես խոսում եմ հայրենասիրության և ժողովրդի հավատը վերականգնելու մասին»։