Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անի Զախարյանն արդարացվել է (տեսանյութ)

Հասարակություն
ani-zaxaryan

Վերաքննիչ դատարանն արդարացրել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին  «Այդքան էլ սպասելի չէր դատարանի նման որոշումը, ինչպես բոլորի, այնպես էլ իմ մոտ դատական համակարգի հանդեպ հավատը մարել էր,   բայց ըստ էության սպասելի  արդյունք էր, որովհետեւ մեր գնահատմամբ ձեռք  բերված բոլոր ապացույցները վկայում էին այն մասին, որ  իմ պաշտպանյալը այդ արարքը չէր կատարել»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Զորայր Հարությունյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի   դատավոր Արշակ Վարդանյանը  Անի Զախարյանին  մեղավոր  էր ճանաչել  նախորդ  տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար առաջադրված մեղադրանքում: Մեքենայում գտնվող եւ գործով որպես վկա դատակոչված 5 ոստիկանների ցուցմունքները վերաքննիչ դատարանը համարել է անարժանահավատ եւ  իրարամերժ,   քանի որ նրանք տարբեր ժամանակահատվածներում տարբեր ցուցմունքներ են տվել: «Վերաքննիչ դատարանը հանգեց հետեւության, որ միայն այդ  մարդկանց ցուցմունքների հիման վրա մեղադրական դատավճիռ կայացնելն անհնար է, անհրաժեշտ են հավելյալ ապացույցներ, որոնք կհասատատեն մեղադրանքի վարկածը: Բայց այդպիսի ապացույցներ գործում չկային»,- ավելացնում է Զորայր Հարությունյանը:   Ըստ փաստաբանի՝ ոստիկանության տեսանյութը  ամբողջովին ապացուցում էր, որ Անի Զախարյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է. «Փորձագետի  տված եզրակացությամբ երեւում է, որ նման բառերով կոչ չի հնչել:  Հնչում է մոտավոր նման բառերով հայտարարություն, բայց տղամարդու ձայնով»:  Դատախազությունը Անի Զախարյանի գործով Վճռաբեկ բողոք կներկայացնի,  թե ոչ, պարզ կդառնա  առաջիկայում: