3 հանրային պաշտպան՝ «Սասնա ծռեր»-ի 11 անդամների համար (տեսանյութ)
3 հանրային պաշտպան «Սասնա ծռեր»-ի 11 անդամների համար: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանը այսօր որոշեց հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանին, Անյուտա Մկրտչյանին եւ Սերգեյ Մանուկյանին ներգրավվել որպես պաշտպան Սասնա ծռերի գործով, թեեւ Սասնա ծռերի կարծիքը չէր հարցրել: Սա առաջացրեց ոչ միայն պայմանագրային պաշտպանների, այլ նաեւ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի դժգոհությունը: «Դատարանը ապօրինաբար է հանրային պաշտպաններին ներգրավվել սույն քրեական գործով վարույթին»: Երկու նիստ առաջ ի աջակցություն իրենց հացադուլավոր ընկերների՝ «Սասնա ծռեր»-ը որոշել էին լքել դահլիճը եւ դատավորը 5 ժամով հեռացրել էր նիստից: Մինչ հեռանալը ՝ նրանք հայտարարել էին, որ հրաժարվում են նաեւ պաշտպանների ծառայություններից: Պաշտպաններն էլ նախորդ նիստին չէին մտել դահլիճ, քանի որ նիստն էլ ուշ էր սկսել: Պաշտպան Արայիկ Պապիկյանն առաջարկեց չշարունակել դատավարությունը եւ պետությանն ուղղակի վնաս չպատճառել: «Որը կատարում է դատարանը, դատախազությունը, հանրային պաշտպանի ռեսուրսի օգտագործման միջողցով: Դուք մեզ տվեք դատավճիռները»: Դատարանի այսօրվա որոշումը անօրինական որակեց Մուշեղ Շուշանյանը: Նա միջնորդեց պաշտպանյալներին վերադարձնել դահլիճ եւ ճշտել իրենց կարծիքը « Եթե նրանք ցանկություն հայտնեն, որ պաշտպանությունը իրականացվի մեր կողմից, ապա դուք պարտավոր եք հանրային պաշտպանների լիազորությունները որպես հանրային պաշտպաններ դադարեցնել»: Դատարանը սակայն մերժեց միջնորդությունը: Սրանից հետո Մուշեղ Շուշանյանը լքեց նիստերի դահլիճը, նրան միացավ նաեւ Հայարփի Սարգսյանը: « Ես նույնպես չեմ պատրաստվում այս կրկեսին ականատես լինել, ես պատրաստվում եմ դուրս գալ»: Փաստաբան Երվանդ Վարոսյանի մոտ էլ այն կարծիքն է, որ դատարանը պարզապես գործն առաջ տանելու ցանկություն ունի. «Դուք գիտեք այս մարդիկ ինչքան գործ ունեն վարույթում, ի՞նչի եք նրանց բերել այստեղ նստեցրել, որից երկուսն առհասարակ գործի նյութերին տեղյակ չեն: Որ ուզենան էլ պաշտպանություն չեն կարող իրականացնել: Ձեր առաջ գնալու ցանկությունը պրոցեսը միայն ետ է շպրտում»: Պաշտպաններն իրենց հայտարարություններն անելուց հետո լքեցին նիստերի դահլիճը: Նրանց հեռանալուց հետո, սակայն, դատարանը շարունակեց հետազոտել գործում առկա ապացույցները: Այս ընթացքում հանրային պաշտպան Սերգեյ Մանուկյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել 30-ից 40 օրով՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը նրան միայն երկու շաբաթ տրամադրեց: Դատարանը մերժեց նաեւ հանրային պաշտպանի միջնորդությունը իրեն գործի վարույթից հեռացնելու համար: Դատարանը ողջ օրվա ընթացքում շարունակեց գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը: