Պրահայի հայ մանուկները օրհնվեցին Հիսուսի ծննդյան օրը (տեսանյութ)
Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հունվարի 6-ին տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան եվ Աստվածհայտնության պատարագ: Պատարագին ներկա էին Պրահայ հայ համայնքի ներկայացուցիչները, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ եվ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը` տիկնոջ հետ: Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ հավատացյալներին ուղղված իր քարոզում նշեց, որ շատ կարեւոր է մարդկանց սրտերին հացնել Հիսուսի ծննդյան իրական խորհուրդը. «Քրիստոսն իր ծննդով մեզ բոլորիս նոր կյանքի, նոր հույսի լույս բացեց, եվ հնարավորության տվեց ողջ մարդկությանը դուրս գալ մեղքերից եվ ապրել նոր կյանքով»: Սուրբ Ծննդյան պատարագից բացի, Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում մատուցվեց Ջրօրհնության եվ Մանուկների օրհնության կարգ: Ջրօրհնեքի արարողության խաչքավորը գործարար Արմեն Անանիկյանն էր: Իսկ մանուկների օրհնության կարգից հետո Բարսեղ վարդապետ Փիլավչյանը Պրահայի հայ բարերարների անունից նրանց բաժանեց Սուրբ Ծննդյան նվերներ։ «Հայ համայնքը սկսվում է եկեղեցով եւ դպրոցով: Եկեղեցին է այսօր մեզ բոլորիս համախմբել, միասնական դարձրել: Իհարկե, մեծ դեր ունի նաեւ դեսպանությունը: Բոլորս մեր երեխաների հետ ակտիվ եւ հաճույքով մասնակցում ենք եկեղեցական բոլոր արարողություններին: Նույնիսկ այս ցրտին չենք զլանում ամենափոքրերին էլ սայլակներով բերում ենք ու երկու ժամ մասնակցում պատարագին»,-ասաց Պրահայի հայ համայնքի անդամ Ծովինար Բեյբությանը: Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության պատարագի վերջում օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին: Ի դեպ, Բարսեղ վարդապետ Փիլավչյանը «Ա1+ »-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Պրագայում տարեկան չորս-հինգ հարյուր հայեր են մասնակցում Սուրբ Ծննդյան, Զատկի տոնին մատուցվող պատարագներին, թեեւ ըստ նրա, այստեղ բնակվող հայերի թիվը մոտ չորս հազար է: Եկեղեցին մարդաշատ է լինում մեծամասամբ շաբաթ եւ կիրակի օրերին: Նկատենք որ, Չեխիայում Հայ առաքելական եկեղեցին, որը անվանվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, պաշտոնապես գրանցվել է 2013 մարտի 17-ին, իսկ Չեխիայի Մշակույթի նախարարության Կրոնի բաժնում` 2015 հոկտեմբերի 11-ին: Այն տրվել հայ համայնքին 27 տարի օգտագործման իրավունքով: «Կաթողիկե եկեղեցու հետ ձեռք ենք բերել նաեվ փոխադարձ համաձայնություն եկեղեցու բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Այսօր ամենաարդիականը եկեղեցին ջեռուցման համակարգով ապահովելու խնդիրն է»,-տեղեկացրեց Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Գայանե Հակոբյան, Պրահա