Պայթուցիկին նմանվող սարք տեղադրողը խոստովանական բացատրություն է տվել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը: Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի: Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չէր ներկայացնում և առգրավվել է: Նշանակվել են փորձաքննություններ: Դեկտեմբերի 28-ին ոստիկանության և ԱԱԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայթուցիկին նմանվող սարքը նշված հասցեում տեղադրել է 1975 թ. ծնված Արամայիս Գ.-ն, որը ժամը 17.00-ին ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: Ի դեպ shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆակուլտետում՝ որպես դասախոս։