Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնական օղիների համտեսի ռեստորան՝ սահմանամերձ Բաղանիսում

Հասարակություն
baxanis-narek

Տավուշի մարզի սահմանապահ Բաղանիս համայնքում արտագաղթը կանխելու համար անհրաժեշտ են աշխատատեղեր. այսօր ահազանգեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը։ Վերջինս նաև շեշտում է՝ պետությունը պետք է հատուկ կարգավիճակ տա սահմանապահ համայնքներին՝ օժանդակելով նպաստներով, համալսարաններում ուսման վարձերը փոխհատուցելով և այլն։ 2018 թվականին համայնքում կբացվի նոր մանկապարտեզ, սնկի ջերմոցային արտադրություն, որտեղ մոտ 40 հոգու համար աշխատատեղ կբացվի, իսկ ապրանքը նաև կարտահանվի։ Անհատ բարերարի ֆինասավորմամբ կկառուցվի նաև տնական օղիների համտեսի ռեստորան և համտեսման կետ, որտեղ կաշխատի 10-15 հոգի։ Ըստ համայնքապետի՝  տնական օղու համտեսման կետը կդառնա կապող օղակ գյուղացի արտադրողի և սպառողի միջև. «Գյուղացին օղին թորում է, բայց վաճառելու ճանապարհը չգիտի, ձևը չգիտի, համացանցից օգտվելու խնդիր կա և այլն»։  Սահմանային վիճակի մասին համայնքապետը նշում է, այս տարի բերքահավաք կազմակերպելու խնդիր չեն ունեցել, և ավելի խաղաղ է եղել, քան 2015-2016 թվականներին. «Տարին ձեռքբերումային եմ համարում, Բաղանիսում լուծվել են մի շարք խնդիրներ»,- նշում է Նարեկ Սահակյանը։