Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղասահքի լեգենդը՝ Անահիտ աստվածուհու դերում (տեսանյութ)

Հասարակություն
Sluckaya3

«Վիրաբույժ էի երազում դառնալ, չդարձա։ Ինչո՞ւ՝ պատասխանեմ, որովհետև դարձա գեղասահորդ»,- ասում է գեղասահքի համաշխարհային լեգենդ, աշխարհի կրկնակի չեմպիոն, նաև Մոսկվայի շրջանային դումայի պատգամավոր Իրինա Սլուցկայան։ Երևանում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում նա այսօր վարպետության դաս անցկացրեց։ «Արդեն երրորդ անգամն եմ ձեր քաղաքում, առաջին անգամ 2015-ին Պլյուշչենկոյի հետ սառցե շոուին եմ մասնակցել, հետո եկել եմ հենց այս մարզադպրոցի բացմանը», -ասում է գեղասահորդուհին։ Հաջորդ տարի նոյեմբերին Երևանում կկայանա «Ախթամար» սառցե շոուի պրեմիերան, որտեղ նա Անահիտ աստվածուհու դերում է հանդես գալու։ «Առաջին դեպքն է, որ լեգենդ է բեմադրվում, -ասում է Իրինա Սլուցկայան։-Կարծում եմ, որ այս պատմությունը դժվար թե որևէ մեկին չհուզի։ Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում աշխարհով մեկ սփռված հայերի համար Վանա լիճը, որն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում, և «Ախթամարի» հուզիչ պատմությունը։ Մենք կպատմենք այս գեղեցիկ պատմությունը պարի, երաժշտության և մեր հոգու միջոցով»։ Ինչ հեռանկարներ ունեն հայ երեխաները, հարցին Իրինա Սլուցկայան պատասխանեց. «Պետք չէ մոռանալ, որ գեղասահքը միայն սպորտ չէ, նաև արվեստ է և ոչ միայն չեմպիոններ են պետք, այլև գեղեցիկ սառցե շոուների մասնակիցներ։ Կարևորը, որ նման մարզադպրոց կա, իսկ հաղթանակների համար տարիների աշխատանք է պետք»։ Համառություն, համբերություն, աշխատասիրություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ և ամուր նյարդեր, սպորտային բաղադրատոմս՝ Իրինա Սլուցկայայից։