Այսօր «Գերլուսնի» օր է
Այս գիշեր երկրագնդի բնակչությունը կարող է ականատես լինել հսկայական լիալուսնի, երբ այն առավելագույնս կմոտենա մեր մոլորակին, 14%-ով ավելի մեծ կթվա և 30%-ով ավելի պայծառ, քան սովորաբար։ Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում: Հիշեցնենք, որ Երկիր-Լուսին միջին հեռավորությունն է 384 400 կմ: «Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը և Արեգակը մի գծի վրա են հայտնվում, և Երկիրը հայտնվում է երկնային այդ երկու մարմինների միջև: Համարվում է, որ «գերլուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն գիտականորեն որևէ էական ազդեցություն չի հայտնաբերված: Այնուամենայնիվ, Լուսնի ազդեցությունը Երկրի վրա բավական զգալի է, մասնավորապես նրանով են պայմանավորված Երկրի ջրային զանգվածի` օվկիանոսների ու ծովերի, մակարդակի բարձրացումն ու իջեցումը (մակընթացությունները և տեղատվությունները): Իսկ «գերլուսնի» ժամանակ օվկիանոսների մակարդակը սովորականի համեմատ ևս մի քանի սանտիմետրով փոխվում է: