«Իշխանությունների հետ համագործակցությունը չի ստացվում ոչ մի կերպ» (տեսանյութ)
«Մենք պատրաստ ենք համագործակցել, իշխանությունը պատրաստ է համագործակցել, սակայն համագործակցությունը չի ստացվում ոչ մի կերպ»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին։ Մտահոգությունները բազմաթիվ են. Հայաստանում թվայնացվացման հետևանքով մարզերի մի շարք հեռուստաընկերություններ հայտնվել են ծայրահեղ ծանր իրավիճակում, քանի որ շարունակում են գործել անալոգային համակարգով: «Բազմաթիվ են խնդիրները հեռարձակման ոլորտում, և մինչև կոնցեպտուալ քննարկում չլինի, վերջնական արդյունք չենք ունենա»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Ըստ բանախոսի՝ քաղհասարակությունը պետք է մասնակից լինի ոչ թե այն ժամանակ, երբ օրինագիծն արդեն մշակված է, այլ հայեցակարգի մշակման ընթացքում: Նշենք, որ նախագիծը քննարկման համար դրված է եղել e-draft կայքում՝ այս տարվա մարտի 23 - ապրիլի 7-ը: Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ դա խորհրդարանական ընտրությունների և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակահատվածն էր, երբ ողջ լրագրողական հանրությունն ընտրություններով էր զբաղված: Նա արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքին, թե ՀԿ-ներն իրենց անգործությունն ուրիշի վրա են գցել՝ չկարդալով նախագծի՝ հրապարակված տեքստը: «ՀԿ-ները լուրջ աշխատանքի առաջարկ են անում, իսկ բարձրաստիճան պաշտոնյան, փաստորեն, դա վերածում է լեզվակռվի: Դա, փաստորեն, փակուղի է ստեղծում և հնարավորություն չի տալիս իսկապես երկխոսություն և համագործակցություն սկսել: Գուցե նպատակը դա է՝ վանել ՀԿ-ներին և գործընթացը տանել իր հունով, բայց դա առողջ գործընթաց չէ ամեն դեպքում»: Ավելին՝ տեսանյութով