Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հայտարարությունները. լրացված (տեսանյութ)
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո այսօր հայտարարեց. «Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական բազմաբովանդակ և փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա»։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հանդիպման օրակարգում էին տնտեսական, քաղաքական և հասարակական հարցեր։ Նախարարներն այսօր մասնակցելու են Հայ-իրանական գործարար համաժողովի բացմանը։ Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ տարեցտարի ակտիվանում են մշակութային փոխգործակցությունները երկու երկրների միջև։ Մեկ ամիս առաջ Թեհրանում բացվեց Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համատեղ ցուցահանդեսը։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ Իրանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին Հայաստանի ցուցաբերած օգնության համար, այնուհետև ավելացրեց, որ երկու երկրների միջև հարաբերություններն ավելի ամրանում են և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը և վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Իրան՝ փաստում են այդ մասին։ «Այսօր ինձ ուղեկցել են տնտեսական ոլորտից ներկայացուցիչներ և գործարարներ, որոնք գտնվում են Հայաստանում։ Տարանցման ոլորտը մեր կարևոր համագործակցության հարցերից է Հայաստանի հետ, ինչպես նաև կարևորում ենք գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը։ Շնորհակալություն ՀՀ-ին, որ միջազգային հարթակներում պաշտպանում է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքները և աշխատում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանվի։ Ուրախ եմ, որ հաջողություն կգրանցվի երկկողմ հարաբերություններում և բոլոր ոլորտներում կպահպանվի համագործակցությունն ու բարիդրացիությունը»,-հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ։
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 28-ին Հայաստան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Հայաստանի և Իրանի արտգործախարարների բանակցությունների արդյունքում նախարարները հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով։
Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Սերժ Սարգսյանը։
Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: