Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հետապնդում է երկու առաջատարներին

Սպորտ
a1chess-world-17.11.

Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Պատանիների առաջնությունում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով հաղթեց իրանցի Արյան Ղոլամիին, վաստակեց 3,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի երկու առաջատարներին՝ ռուսաստանցիներ Կիրիլ Ալեկսեենկոյին եւ Ալեքսեյ Սորոկինին, որոնք առայժմ 100 տոկոսանոց արդյունք ունեն: Այսօր կայանալիք 5-րդ տուրում մեր պատանի շախմատիստը սեւերով կհանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Դանիլ Յուֆայի հետ: Մեր մյուս երկու շախմատիստներն առայժմ անկայուն են հանդես գալիս: Մանուէլ Պետրոսյանն այս տուրում ոչ-ոքի խաղաց, իսկ Տիգրան Հարությունյանը պարտվեց: Նրանք վաստակել են համապատասխանաբար 2,5 ու 1,5 միավոր եւ առայժմ համեստ տեղեր են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Աղջիկների առաջնությունում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը 4-րդ տուրի պարտիայում ոչ-ոքի խաղաց չիլիացի Բելեն Գոմեսի հետ: Նա վաստակել է 2,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 29-րդ տեղը: Այսօր  Սիրանուշ Ղուկասյանը սեւերով կփորձի հաղթահարել Թուրքիայի ներկայացուցիչ Իրմակ Արդա Չակիլի արգելքը: