Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում Սերժ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի պատմությունը

Կարևոր լուրեր Պաշտոնական
moscow

Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա: Առավոտյան նա այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար: Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո Սերժ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային գործիչների ուղեկցությամբ դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած շուրջ երկու տասնյակ խաչքարեր։ Այնուհետև Սերժ Սարգսյանը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում բացված՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որն ունի երկու խոշոր թեմատիկ բաժիններ՝ Հայաստանի պատմությունը բրոնզե դարից մինչև Ուրարտու և քրիստոնեության ընդունումից մինչև մեր օրեր: Ցուցահանդեսում ներկայացված են եկեղեցական պարագաներ, հնագույն ձեռագրեր, հին դրամներ և հուշամեդալներ, եզակի գտածոներ, հայ նշանավոր նկարիչների կտավներ։