Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2018-ն ամենամեծ գնաճով տարին է լինելու. Նիկոլ Փաշինյանի հարցերը՝ նախարարին (տեսանյութ)

Քաղաքականություն
74ZMi2QKGAs

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել 2018թ. պետական բյուջեի նախագիծը: Այն ներկայացնում է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Խորհրդարանում են Կառավարության անդամները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախարարին հարց ուղղելով, նշեց, որ նպաստները, թոշակները, նվազագույն աշխատավարձը չեն ավելանում, սոցիալական, կրթական ու առողջապահական ծախսերը նվազում են, արտաքին պարտքն աճում է. «Դուք հիմա վերցնում եք այնքան պարտք, որքան վերցրել եք ձեր նկարագրած ցնցումային տարիներին: Սրան զուգահեռ գներն աճում են: 2018թ. այդ առումով ամենամեծ գնաճով տարին է լինելու՝ նախորդների համեմատ: Սա նշանակում է, որ աղքատներն ավելի են աղքատանալու: Ի հեճուկս այս ամենի ավելացել են պետական աշխատողների պարգեւավճարները»: Ի պատասխան Վարդան Արամյանն ասաց, որ ծանր իրավիճակից դուրս գալու համար միայն նպաստ ու թոշակ չպետք է տանք, այլ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք: Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Սահմանի գծի վրա գտնվող գործարանների մասին հիշենք՝ բանկերը ուրիշների համար վարկերը տրամադրում են 10 տոկոսով, նրանց համար՝ 20 տոկոսով, քանի որ ասում են՝ թուրքը կկրակի ու գործարանդ կկորի: Փաստն այն է, որ աղքատության մակարդակը չի հաջողվում կրճատել»: Վարդան Արամյանն արձագանքեց՝ ասելով. «Աղքատությունը 29,8 տոկոս է: Ի՞նչն է ազդել դրա վրա, օրինակ՝ տրանսֆերների կտրուկ կրճատումը: Մենք օբյեկտիվ պատճառների հետ պետք է հաշվի նստենք: Աղքատության հաղթահարման լավագույն տարբերակը աշխատատեղ ստեղծելն ու գեներացնելն է»: