Ժիրայր Սեֆիլյանի մոտ համակարգիչով մտնել չի կարելի (տեսանյութ)
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանին թույլ չեն տվել համակարգչով մտնել իր պաշտպանյալի մոտ ։ Դատական նիստի ընթացքում Արա Զաքարյանը տեղեկացնում է՝ նախկինում անարգել մտել է «Արմավիր» ՔԿՀ: «Բացառապես այս գործի համար եւ «Սասնա ծռեր» խմբավորման հետ կապված, չգիտես ինչու, սկսեցին արգելել: Համակարգչում գտնվում են բազմաթիվ նյութեր, դատական նիստերի արձանագրություններ»,- ասաց պաշտպանը: Տեսակցություններն էլ առանց խոչընդոտի չեն անցնում։ Ըստ պաշտպանի՝ ՔԿՀ աշխատակիցները ստիպում են իրենց արագ ավարտել տեսակցությունը եւ խնդրեց դատարանին քայլեր ձեռնարկել խախտումը վերացնելու համար. «Հնարավորություն չունեմ մինչ օրս պաշտպանյալիս հետ նորմալ տեսակցելու, մեր պաշտպանական մարտավարությունը մշակելու, մեր հետագա գործողությունները համաձայնեցնելու առումով: Պաշտպանյալս էլ, թեեւ ստացել է դատական նիստի արձանագրության կրիչները, բայց ոչ մի կերպ հնարավորություն չունի դրանք լսելու, ստացվում, է, որ այս ամբողջը դառնում է ձեւական»: Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը փաստաբանին տեղեկացնում է՝ սա իր լուծելիք հարցը չէ։ «Եթե ես ասեի, որ առանց համակարգիչ էլ թույլ չեն տալիս, դատարանը նորից պետք է ասեր, որ սա դատարանի խնդիրը չէ: Եթե ես չեմ կարողանում նյութերով պաշտպանյալիս հետ տեսակցել, դա նույնն է, ինչ՝ չտեսակցել: Չեմ գնում ՔԿՀ՝ պաշտպանյալիս հետ այլ բաներից զրուցելու, գնում եմ գործի հետ կապված զրուցելու: Եթե դատարանի տրամադրության տակ չլինի քրեական գործի նյութերը, դատարանն արդյո՞ք կարող է այդ գործը քննել, իհարկե՝ ոչ»,- ավելացրեց Արա Զաքարյանը: Իսկ դատարանը շարունակում է ուսումնասիրել առկա ապացույցները: Գործի հետ կապված արձանագրություններին ծանոթանալով Արայիկ Պապիկյանը հայտնաբերել է, որ դրանց տակ նույն ընթերականներն են ստորագրել: «Եթե ընթերակաները հաստիքային աշխատող ընթերականեր չեն, ապա այս օրերը իրենք ամբողջ կյանքում չեն մոռանա: Առավոտը գնացել են քննիչի մոտ, ընթերակա, բոլոր գործողություններին մասնակցել են որպես ընթերակա, գոնե ընթերակայի անունը փոխեն, բոլոր գործողություններին պահել են որպես ընթերակա: Արդեն իսկ սա ցույց է տալիս աշխատանքի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի մոտեցումը»: Ի թիվս այլ փաստաթղթերի, մեղադրողը մեջբերեց Ժիրայր Սեֆիլյանի խոսքից մի հատված, եթե կրակեն՝ իրենք էլ կկրակեն: «Եթե անձի դժգոհությունը հայտնի եւ նրա հանդեպ ուժ կիրառեն, նրա ասածը այս է, ես ստիպված կլինեմ պաշտպանվելու, այստեղ եւս կրիմինալ չկա: Խոսակցությունների բովանդակությունը որեւէ կրիմինալ իր մեջ չի ներառում, եթե գնան փողոցում տեսնեն տարեց մարդիկ են նստած, որոնք դժգոհում են իշխանությունից , ապա նրանց արած արտահայտությունները իշխանության հանդեպ անհամեմատ ավելի խիստ են: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, որ սա դիտվում է հեղաշրջման կազմակերպում կամ պատրաստում, ապա բնակչության մի զգալի հատվածը մեղադրյալի կարգավիճակ պետք է ստանա»,- ավելացրեց Արա Զաքարյանը: Դատական նիստը կշարունակվի մեկ շաբաթից։