Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ստվերը քիչ է՝ խոսակցություններն են շատ. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
altunyan

Առողջապահության նախարարը դժգոհ է հաջորդ տարի պետական բյուջեով իրենց հատկացվելիք գումարից: 2018թ. այն կկազմի 81 մլրդ դրամ: Սակայն դա չի խանգարի նախարարությանը հատկացումներ անել եւ  բարեփոխումներ  կատարել: Կստեղծվի  կենտրոն, որը ոչ միայն կհավաքագրի բողոքները, այլեւ ինքը զանգեր կկատարի՝ ճշտելու հասարակական կարծիքը այս կամ այն խնդրի, օրինակ՝ ոլորտում առկա կոռուպցիայի, ստվերի մասին: «Զուտ զգացումներով այսօր ես կարող եմ ասել, որ, իհարկե, ՀՀ-ում ստվերն ավելի քիչ է, քան այն, ինչի մասին կարելի էր ենթադրել՝ խոսակցությունները լսելով եւ նրանք գնահատելով: Ես կարծում եմ, որ խոսակցությունները մի քիչ ավելի շատ են, քան ինքը՝ երեւույթը»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: 2018թ. կվերագործարկվի նաեւ Առողջապահության տեսչությունը, որն իր աշխատանքները 3 տարի է՝ դադարեցրել էր: Ըստ նախարարի՝ այս պահին այն կայացման փուլում է եւ եկող տարվա հունվար-փետրվարից կսկսի կանոնավոր գործել. «Ինչը կխթանի այն փաստը, որ այն երեւույթները, որոնց մասին հասարակությունում ընդունված է խոսել, կստանան իրենց օբյեկտիվ արտացոլումը՝ կան, թե չկան»:             Վերջին շրջանում շատացել են բժիշկների վրա հարձակման դեպքերը:  Նոր օրենքը   հնարավորություն կտա բժիշկներին ունենալու մասնագիտական պաշտպանվածություն. «Բռնությունը հասարակության մեջ ոչ մասնագիտություն է հարցնում, ոչ սեռ, ոչ տարիք եւ բռնության ինչ-որ մի տոկոս միշտ կա»:               Առողջապահության ոլորտում Լեւոն Ալթունյանը ոչ թե հաստիքների կրճատում է նախատեսում, այլեւ արդյունավետության բարձրացում: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ-ում այսօր կա բժիշկների՝ 600-700 թափուր աշխատատեղ, մինչդեռ կան բժիշկներ, որոնք ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, իսկ երբեմն էլ՝ առանց որեւիցե ծանրաբեռնվածության. «Մեկ-մեկ, եթե ուզում եմ բժշկին հանդիպես աշխատանքի տեղը, պետք է գնաս մինչեւ ցերեկը ժամը 12-ը, քանի որ հետո նա այնտեղ չի լինում: Մեր խնդիրն է վերադասավորել մեր ուժերը, ռեսուրսները այնպես, որպեսզի մենք ունենանք 70-80 տոկոս ծանրաբեռնվածություն ամեն մի աշխատող միավորի դեպքում»:              ՀՀ ողջ բնակչությանն անվճար բուժսպասարկմամբ ապահովելու համար Առողջապահության նախարարը հաշվարկ է արել եւ պարզել, որ իրենց ոլորտի իդեալական բյուջեն պետք է լինի 280 մլրդ դրամ: