Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը զիջում է միայն Մագնուս Կառլսենին

Սպորտ
a1fide

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների եւ շախմատիստուհիների վարկանիշային նոր աղյուսակները: Նոյեմբերի 1-ի դրությամբ տղամարդկանց աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն իր անվան դիմաց գրանցել է 2837 վարկանիշային միավոր: Երկրորդ տեղը 2801 բալով զբաղեցնում է մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը: Երրորդ հորիզոնականում գտնվում է ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան (2799): Աշխարհի լավագույն 100 շախմատիստների շարքում կան Հայաստանի եւս երեք ներկայացուցիչներ՝ Սերգեյ Մովսիսյանը (76-րդ տեղ, 2667 միավոր), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Գաբրիել Սարգսյանը (97-րդ, 2655): Կանանց վարկանիշային աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը՝ 2680 միավոր: Նրան հաջորդում են Աննա Մուզիչուկը (Ուկրաինա, 2576) եւ Յու Վենյուն (Չինաստան, 2567): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 49-րդ (2415), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդ (2390) տեղը: