Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժողովուրդը հոգնել է պատկերազարդ նկարներից. պատգամավորը՝ նախարարին (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, նշեց. «Պարոն նախարար, ուշադիր հետեւում եմ այս գծապատկերներին, գեղեցիկ պատկերներ են՝ կլոր, ութանկյուն, ձվաձեւ ու այդպես շարունակ, սակայն հավատացեք՝ ժողովուրդը հոգնել է այս պատկերազարդ նկարներից: Ես՝ որպես ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժի ներկայացուցիչ, ուզում եմ կոնկրետ հարցադրում անել եւ ակնկալում եմ կոնկրետ պատասխան՝ առանց մանեւրի, դուք պնդո՞ւմ եք, որ այս նախագիծը տեսանելի ու խելամիտ ժամկետներում ազդելու է ժողովրդի կենսամակարդակի վրա»:  Ի պատասխան Վարդան Արամյանն արձագանքեց. «Շատ հարգանքով եմ ձեզ վերաբերվում ու մեծ կարծիքի եմ ձեր մասին, սակայն մենք երբեք չենք փորձում մանեւրել, դա ամենավտանգավոր բանն է, մենք փորձում ենք հանրությանը ներկայացնել ճիշտ ազդակները՝ որտեղ ենք կանգնած եւ ուր պետք է գնանք: Իրականում բարդ է: Մենք անընդհատ ասում ենք, որ սոցիալական ծախսերին ձեռք չենք տալու, քանի որ խնդիր ունենք: Ձեր հարցին հարցով եմ ուզում պատասխանել՝ եթե դուք ինձ ասեք կյանքի որակի փոփոխություն ասելով դուք ինչ եք հասկանում, եւ ինչ եք չափում, ինչ գործիքով եք չափում, ես ձեզ կասեմ՝ երաշխիք տալի՞ս ենք, թե ոչ»:  Գեւորգ Պետրոսյանը պարզաբանեց՝ նկատի ունի առկա սպառնալիքների չեզոքացումները՝ աղքատության հաղթահարում, արտագաղթի տեմպեր. «Պարոն Արամյան, ես չեմ ուզում վիճարկել ձեր ազնվությունը, սակայն ժողովուրդը հոգնել է այս նկարչությունից»:  Խոսակցությանը խառնվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը. «Պարոն Պետրոսյան, հարց տվեք... Ժողովրդի անունից մի քիչ քիչ խոսացեք»:  Վարդան Արամյանը եւս արձագանքեց. «Պարոն Պետրոսյան, ես ձեզ վստահեցնում եմ՝ միայն դուք չեք, որ մտածում է ժողովրդի մասին: Ես վստահեցնում եմ՝ այն, ինչ մենք անում ենք, անում ենք մեր ժողովրդի համար: Ինչ վերաբերում է կենսամակարդակի բարելավմանը, ապա 2017թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 3698 ԱՄՆ դոլար, իսկ 2018թ. կլինի 3984 դոլար»: