Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻՆ

Պաշտոնական

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է սփյուռքահայ կինոռեժիսիոր, «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանին:

Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 20-ի հրամանագրով, ազգային մշակույթի եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Ատոմ Էգոյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով : Այսօր Հանրապետության նախագահը Ատոմ Էգոյանին է հանձնել պետական բարձր պարգեւը: Անվանի կինոռեժիսիորը ու նրա տիկինը՝ Արսինե Էգոյանն այսօր Ռոբերտ Քոչարյանից ստացել են նաեւ Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակի անձնագրեր:

Երախտագիտությամբ եւ հուզմունքով ընդունելով անձնագիրը, Ատոմ Էգոյանն ասել է, որ իր համար մեծ հպարտություն է ունենալ հայկական անձնագիր:
Արվեստագետը Հանրապետության նախագահին ներկայացրել է «Արարատ» ֆիլմի ստեղծման պատմությունը եւ ընդգծել, որ ֆիլմում գնահատական տալով անցյալին, փորձել է հավարասակշռության մեջ դնել այն ներկայի հետ: Նա ասել է, որ ֆիլմի նկատմամբ Հայաստանի ժողովրդի վերաբերմունքն իր համար անակընկալ էր:

Նշելով, որ հայ ժողովրդի համար մշակույթը բոլոր ժամանակներում ազգապահպանման կարեւորագույն գործոն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ «Արարատ» ֆիլմը կարելի է որակել որպես ցեղասպանության ճանաչման գործընթացում խաղաղություն հաստատելու կարեւոր քայլ :
Նախագահի խոսքով, համաշխարհային հանրությանը հայ արվեստի նմանօրինակ մատուցումը արժանի է բարձր գնահատականի: