Երբ հայերը սոցիալական հզոր ցանց էին ստեղծել, դեռ Ֆեյսբուքը չկար (տեսանյութ)
Որն է Հայաստանի տնտեսության միակ ճյուղը, որով Կառավարությունը կարող է հպարտանալ։ 2008-2016 թվականներին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կայուն աճ է արձանագրել՝ տարեկան միջինը 20-22%։ «Արմթեք 2017» գործարար համաժողովին վարչապետը բացահայտում է ՏՏ ոլորտի հաջողության գաղտնիքը։ «Ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, արդյունքում վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոլորտում տարեկան ստեղծվում է ավելի քան 100 նոր ընկերություն։ Դա մեզ պետք է չհանգստացնի, դա իր գագաթնակետը չի և աճի տեմպերը կարող են լինել շատ ավելի բարձր»։ Համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում Հայաստանն իր դիրքերն ուժեղացնում է շնորհիվ որակյալ կադրերի։ Վարչապետը շեշտում է՝ Հայաստանն ունի մրցակցային առավելություններ՝ հարևանների, արևելյան Եվրոպայի պետությունների համեմատ։ Ապացույցը՝ այստեղ գործող միջազգային տեխնոլոգիական հսկաներն են. «Սինոփսիս, Մենթալ Գրաֆիքս, Նեյշընըլ ինստրումենտս, Մայքրոսոֆթ, Դելվինք, Օրակլ, Սիսկոյ, և այլ ընկերություններ»,- ասում է Կարեն Կարապետյանը։ 2017-ի առաջին 7 ամիսները ոգեշնչել են Վահան Մարտիրոսյանին՝ ՏՏ ոլորտը 35%-անոց թռիչք է արձանագրել։ Բայց արդյո՞ք այդ տեմպերը կպահպանվեն այն պարագայում, երբ բարձր որակավորում ունեցող աշխատուժը նախընտրում է ավելի բարձր աշխատավարձով կարիերա անել ավելի զարգացած երկրներում։ «Ես չէի ուզենա դա մեկնաբանել որպես ուղեղների արտահոսք։ Ամբողջ աշխարհում կա այդ հոսքը, ոչ թե արտահոսքը՝ և դուրս, և ներս։ ՏՏ-ն այն գիտությունն է, որ պարտադիր չի լինել ինչ-որ մի տեղ»,- ասում է Տեղեկատվական տեխնոլոգիաների, Կապի և Տրանսպորտի նախարարը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենին ՏՏ ոլորտի ներկա վիճակը մտահոգիչ չի թվում. «ՏՏ-ն մի մեծ ձնագնդիի է նման, որը գնալով մեծանում է և իր ճանապարհին մաքրելու է ամեն ինչ, հիմա մեզ պետք է, որ ՏՏ-ն իր հետևից քաշի մյուս ոլորտները»։ Բագրատ Ենգիբարյանի պնդմամբ՝ ՏՏ ոլորտն այսօր ունի որակյալ կադրերի կարիք, այս ֆոնին նկատել է մասնագետների ներգաղթ Հայաստան։ Ու նաև համաձայն չէ հնչող տեսակետներին, թե ՏՏ-ն բավարար կերպով ինտեգրված չէ տնտեսությանը։ «Բանկերը մտածում են մասնաճյուղեր փակել, որովհետև բանկեր մարդ չի հաճախում, օնլայն են գնում, այսօր գյուղատնտեսությունն օնլայն վաճառքով է զբաղվում»,- ասում է Բագրատ Ենգիբարյանը: Չկա չարիք՝ առանց բարիքի։ Համաշխարհային տեղեկատվական ցանցը ժամանակ առ ժամանակ ցնցվում է կիբերպատերազմների արդյունքում։ Փոքրության պատճառով Հայաստանին դեռ հաջողվում է խուսափել անվերադարձ վնասներից։ «Արմթեք 2017»-ի մասնակիցները փորձում են գտնել պարզ հարցի բարդ պատասխանը՝ ինչպես ՏՏ ոլորտի հայաստանյան սեկտորին դարձնել համաշխարհային ցանցի անվտանգության հուսալի պաշտպան։ Բագրատ Ենգիբարյանն ասում է. «Հայաստանը միշտ հայտնի է եղել իր լավ մաթեմատիկոսներով և ֆիզիկոսներով, այսինքն՝ մենք կարող ենք բացի ՏՏ-ից, նաև մեր գիտական պոտենցիալն օգտագործել և ոչ մեծ ներդրումներով՝ շատ հետաքրքիր լուծումներ առաջարկել հենց այս ոլորտի համար»։ «Վիասֆեր Ինթերնեշնլ» տեխնոլոգիական ընկերության ղեկավար Թոնի Մորոյանը 2000-ականներին Հայաստանում հիմնել է տեխնոպարկ, որտեղ աճել ու զարգացել են տեխնոլոգիական ընկերություններ։ Այժմ տեխնոհայերի օրակարգում մեկ հարց է դրված՝ սփյուռքի ու հայաստանցիների ուժերի միավորմամբ ստեղծել տեխնոլոգիական համաշխարհային ցանց. «Դա լավ միտք է, բայց դժվար է այդ անելը, երբ որ սկսես սխալ կողմից, սկսես աթոռ բաժանել, չի կարելի, կռիվ կանեն, հայերը շատ մրցակից են, ուրիշ ձևով պետք է անենք, որ ինչ-որ ձևով, որ աթոռների խնդիր չլինի»,- ասում է Թոնի Մորոյանը։ Ժամանակին հայկական ՏՏ ոլորտը մեծ շանս է բաց թողել։ Դեռ 2007-ին, երբ ֆեյսբուքը հայտնի չէր որպես գերհզոր սոցիալական ցանց՝ տեխնոհայերը ստեղծել էին սոցիալական ցանց, բայց կառավարությունից աջակցություն չունենալով, գաղափարը չզարգացավ։